ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի հատկացմանը

 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին օրինագծին, որի լսումները  հեռարձակվել են ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 368 կոնգրեսական, դեմ՝ 57։ Այժմ օրինագիծը կանցնի Սենատի քննարկմանը: Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը ավելի վաղ խոստացել էր հնարավորինս շուտ կազմակերպել նախաձեռնության քվեարկություն: Վերին պալատի կողմից հաստատվելու դեպքում այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրությանը։

Փաստաթուղթը նախատեսում է միջոցներ հատկացնել Կիևին ռազմական, տնտեսական և հումանիտար օգնության համար։ Մասնավորապես, 6 միլիարդ դոլար պետք է ուղղվի զենքի և անվտանգության ապահովման համար, 8,7 միլիարդ դոլար՝ տնտեսական օգնության և հանրային ծառայությունների աշխատանքի ֆինանսավորման համար Ուկրաինայում, 5 միլիարդ դոլար՝ պարենային օգնության համար Ուկրաինային և աշխարհի այլ երկրներին, 900 միլիոն դոլար նախատեսված է ուկրաինացի փախստականների աջակցության համար:

 Բացի այդ, 3,9 մլրդ դոլար կհատկացվի Եվրոպայում ամերիկյան զորքերի հզորացման համար։

Սպիտակ տունը ողջունել է Ներկայացուցիչների պալատի նախաձեռնության հաստատումը

Այս լրացուցիչ ֆինանսավորման համար Կոնգրեսին հարցում էր ուղարկել ավելի վաղ անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա հորդորել էր օրենսդիրներին անհապաղ հաստատել այն, որպեսզի առաջիկա օրերին ինքը ստորագրի համապատասխան օրինագիծը։ Բայդենը նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում Միացյալ Նահանգները շուտով ստիպված կլինի դադարեցնել օգնությունը Կիևին, քանի որ Կոնգրեսի կողմից հատկացված նախկին ռեսուրսները գործնականում սպառվել են։

Բայդենը սկզբում խնդրել էր Կիևին հավելյալ 33 միլիարդ դոլար օգնություն տրամադրել, իսկ ավելի ուշ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Կոնգրեսում այդ գումարը հասցվել է գրեթե 40 միլիարդ դոլարի, մասնավորապես՝ առաջարկվել է ավելի շատ միջոցներ հատկացնել նաև ռազմական տեխնիկայի տրամադրմանը:

 

Հայկական ժամանակ օրաթերթ