Ոստիկանության Գորիսի բաժնում պաշտոնական կեղծիք կամ անփութություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։
Shamshyan.com-ի փոխանվմամբ, ապրիլի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնի հետախուզության բաժանմունքում պարզվել է, որ Սյունիքի մարզի բնակիչներ՝ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, ովքեր հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու մեջ։
Կայքի տեղեկություններով՝ վերջիններիս գործողություններով խախտվել է ՀՀ կառավարության կողմից վարորդական վկայականներ ստանալու համար սահմանված կարգը։
Իսկ Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից՝ այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։
Նշվում է, որ նշված անձանց մի մասը Սյունիքում ճանաչված պաշտոնյաների, քրեական պատմություններով հայտնի անձինք են։
Տիգրան և Տրդատ Խաչատրյանները Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդիներն են։
Նախաքննության ընթացքում պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք ստացել վարորդական իրավունքի վկայականներ։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկանությունում նաև օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այդ անօրինական գործարքները կատարվել են մինչև այն պահը, երբ Գորիսի ՄՌՈՒ-ի պետ է նշանակվել Մարգար Մարգարյանը։