«1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար՝ ուսխորհրդի նախագահին»։ Երեկ մամուլում տարածվել էր ձայնագրություն, որում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում էր ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել ուսանողների մասնակցությունն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով նրան 1000 դրամ:
Ձայնագրության մեջ հստակ լսվում էին անուններ, նշվում էր, որ շարժման համահիմնադիր են Կարին Տոնոյանը, Ավետիքը։
Civic.am-ը կապ հաստատեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք դասախոս Էմմա Սարգսյանի նշած Ավետիք անունով անձը հենց ի՞նքն է։
«Կարծում եմ՝ ձայնագրությունն ապօրինի է արված, ես բացարձակ չեմ մեկնաբանում, հուսով եմ՝ իրավապահները կզբաղվեն, ու իսկությունը կհայտնաբերվի»,- պատասխանեց Ավետիք Չալաբյանը։
Մեր այն հարցին՝ Դուք այս օրերին համահիմնադի՞ր եք որևէ շարժման, Ավետիք Չալաբյանն արձագանքեց. «Այս օրերին ընթացող որևէ շարժման համահիմնադիր չեմ, պարզապես մասնակցում եմ ընդդիմության կազմակերպած «Դիմադրություն» շարժմանը»։