Հղի կնոջ վրաերթի գործով ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարի մեղադրանքը դատախազի ցուցումով լրացվել է. Civic

  Մահվան ելքով վրաերթի գործով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարին առաջադրված մեղադրանքին դատախազը ցուցում է տվել լրացնել մեղադրանքը, առաջադրելով նաև քր. օր. 244-րդ հոդվածով նախատեսված արարք՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը։

Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր կալանավորելու միջնորդությունը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ խափանման միջոցը, պրակտիկան հաշվի առնելով, կընտրվի վերաքննիչ բողոքից հետո։ «Իմ կարծիքով խափանման միջոց դեռ չեն ընտրելու, մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքի քննությունը։ Քննության վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք հետագայում», — ասաց Րաֆֆի Ասլանյանը։

Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել էր: Նախաքննությունը շարունակվում է:

 

Civic.am