Ղազախստանի արտաքին գործերի, առեւտրի ու ինտեգրացիայի նախարարությունները հերքել են լուրերը, թե երկիրը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այս մասին հայտնում է stopfake.kz-ն: «Ղազախստանի պլանների մասին այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»,- նշված է առեւտրի ու ինտեգրացիայի նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Ղազախստանի՝ մաքսային միության համաձայնագրից դուրս գալու մասին խոսակցություններն սկսվեցին սոցիալական ցանցերում: Նաեւ հաղորդվում էր, որ ղազախական թաքնված ձգտումների մասին որոշակի շրջանակներում արտահայտվել է Ղազախստանի պաշտպանության նախարարը, որ նույն այդ շրջանակներում արդեն պայմանավորվածություններ կան: Հունվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Ղազախստանի մայրաքաղաքի փողոցներում իսկական քաոս էր, որն սկսվել էր վառելիքի թանկացման դեմ բողոքներով, ապա վերաճել լուրջ բախումների, կարող էին այդ երկիրը ներքաշել այնպիսի իրավիճակի մեջ, որում հիմա Ուկրաինան է: Անկարգությունների կենտրոնն Ալմաթին էր՝ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի ծննդավայրը: Վերջինս ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարեց, որ «ահաբեկչական բանդաները, ըստ էության, միջազգային են, լուրջ նախապատրաստություն են անցել արտասահմանում, եւ Ղազախստանի վրա նրանց հարձակումը պետք է դիտել որպես ագրեսիայի ակտ»: Հենվելով Հավաքական անվտանգության պայմանագրի վրա՝ Տոկաեւը դիմեց ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին՝ օգնություն խնդրելով ընդդեմ «ահաբեկչական սպառնալիքի»: Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու մասին որոշումը կայացվեց ակնթարթորեն: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին հայտարարեց Ղազախստան խաղաղապահներ մտցնելու մասին, որը, ինչպես խոստովանել է Տոկաեւը, օգնեց՝ պահպանելու պետականությունը: Դատելով ուկրաինական ճգնաժամի ընթացքից՝ կարելի է եզրակացնել, որ նույնը ծրագրված էր նաեւ Ղազախստանում, սակայն «նույն սցենարի» զարգացումներ չեղան այն պատճառով, որ ՌԴ-ն ոչ թե հայտարարել էր ռազմական հատուկ գործողության իրականացման մասին, այլ ՀԱՊԿ խորհուրդը խաղաղապահներ էր գործուղել՝ համաձայն Տոկաեւի խնդրանքի, սահմանափակ ժամանակով եւ ռազմավարական օբյեկտների պաշտպանության նպատակով: Արեւմուտքը, սակայն, շարունակում է Ղազախստանին պահել իր տեսադաշտում: Բանն այն է, որ հակառուսական պատժամիջոցները պետք է, ըստ պլանի, հանգեցնեն լիակատար սնանկացման, իսկ նրա սահմանի երկայնքով «հրդեհների» բռնկումները՝ տարբեր ուղղություններում Մոսկվայի համար լարվածության օջախների ստեղծման: Ղազախստանում հետհունվարյան շրջանում տեղի ունեցած զարգացումները, երբ Մոսկվան զբաղված էր Ուկրաինայում, հուշում են, որ, անկախ որոշակի շրջանակների հերքումներից, այդ երկիրը կարծես թե նավարկում է դեպի «թյուրքական ՆԱՏՕ»: Թուրքիան ակտիվորեն բազա է ստեղծում «Թուրանի մեծ բանակի» ձեւավորման համար՝ դրա ուղեծրում ներառելով Ղազախստանին, որը նաեւ պլացդարմ է դառնում Կենտրոնական Ասիայում թուրքական էքսպանսիայի համար: Այս ուղղությամբ հետագա զարգացման հիմքը մայիսի 11-ին Անկարայում ստորագրված ռազմական համագործակցության մասին պայմանագիրն է: Միեւնույն ժամանակ ղազախների նկատմամբ նման հայրական հոգատարությունը հիմնված է օսմանյան Թուրքիայի հատուկ հայեցակարգի վրա, որը, իբր, կոչված է դառնալու կայունության, Թյուրքական պետությունների կազմակերպության կենտրոնակայանի՝ Ստամբուլի հովանու ներքո գտնվող «թյուրքական աշխարհի» երկրների անձեռնմխելիության երաշխավորը։ Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի այցի առաջին օրը երկու երկրների միջեւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ հրավիրված ճեպազրույցում։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. HHPRESS