Արցախի Հադրութի Խծաբերդ գյուղի դեպքով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ «Լուրերին» ասել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Քննչական կոմիտեում ավարտվել էր այս գործի նախաքննությունը: Խծաբերդի դիրքերում պահպանություն իրականացրած ստորաբաժանման հրամանատար Արսեն Ղազարյանը մեղադրվում է 2020-ի դեկտեմբերի 13-ին Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքը ինքնակամ լքելու, պետի օրինական հրամանը չկատարելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար:
Նախաքննությամբ պարզվել էր, որ Ղազարյանի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ, մասնավորապես, Խծաբերդը, գյուղի մարտական հենակետերը թողնելու հետևանքով այդ տարածքները անցել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողությանը:
Պարզվել էր նաև, որ ստորաբաժանման հրամանատարի գործողությունների հետևանքով գաղտնիք պարունակող կրիչն ու տեղանքի քարտեզը հայտնվել են հակառակորդի մոտ: