Երևանում շուտով կմեկնարկի պիլոտային ծրագիր, որը կլինի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման առաջին քայլը: Մասնավորապես, մեկ կամ երկու ամսից Երևանի մինչև 3 երթուղում հնարավոր կլինի վճարում կատարել քարտային համակարգով, QR կոդով, տեխնիկական այլ միջոցներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը նշեց, որ սա փորձնական ծրագիր է հասկանալու համար բացերը, առավելությունները:
«Մի քանի երթուղիներում պիլոտային ծրագիրը կներդնենք, կհասկանանք, թե որքանով է հարմար, ինչ հնարավորություն է տալիս, ինչ խնդիրներ են լինում, ինչ ավելացնելու ու պակասեցնելու անհրաժեշտություն կա: Քարտային համակարգը հնարավորություն կտա և՛ քարտով, և՛ տեխնիկական այլ միջոցներով վճարել ավտոբուսում, տրոլեյբուսում, մետրոյում»,-ասաց Հայկ Սարգսյանը:
Միասնական քարտային համակարգի վերջնական ներդրման համար անհրաժեշտ է, որ տրանսպորտային պարկը լինի թարմացված: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մինչև տարեվերջ 80 տոկոսով թարմացնել ավտոբուսային պարկը: Մինչ այժմ Երևան է ներկրվել է 100 փոքր դասի և 211 միջին դասի ավտոբուս: Ընդհանուր 311 շարժակազմով թարմացվել է Երևանի ավտոբուսների պարկը: Ներկրված բոլոր ավտոբուսները շահագործվում են, չհաշված՝ ռեզերվները:
«Երթուղիներում թարմացումները կատարվեցին հետևյալ սկզբունքով: Շահագործման 15 տարին լրացած միկրոավտոբուսները, որոնք դեռ գործում էին, ավտոմատ կերպով դուրս մնացին: Շահագործեցինք նոր ավտոբուսները: Ընթացքում դժվարություններ եղան, գազելներն ավելի փոքր էին, շատ փողոցներով կարողանում էին երթևեկել, իսկ նոր ներկրված ավտոբուսներն այդ հնարավորությունը չունեին: Մենք վերանայեցինք երթուղիները: Այդտեղ որոշ թաղամասերի բնակիչներից բողոքներ ստացանք, որոնք ասում էին, թե ժամանակին իրենց փողոցով անցնում էր երթուղին սպասարկող տրանսպորտը, հիմա՝ ոչ: Մեր կողմից ոչ մի դիտավորություն չկար, պարզապես նոր տրանսպորտային միջոցների չափերով, փողոցների նեղությամբ պայմանավորված վերանայեցինք երթուղիները: Մենք վերանայեցինք նաև շարժակազմի քանակը: Օրինակ 28 համարի երթուղին սկզբում համալրեցինք 10-12 ավտոբուսով, հետո հասկացանք, որ պետք է ավելացնել»,-ասաց Հայկ Սարգսյանը:
Նոր երթուղային ցանցի ներդրմամբ նախատեսվում է երթուղիներում շահագործել 12 մետրանոց ավտոբուսներ: Արդեն պայմանագիր է ստորագրվել ու շուտով Երևանը կունենա 87 հատ 12 մետրանոց ավտոբուս: Բարձր դասի 12 մետրանոց ավտոբուսներն առանձին երթուղիներ կունենան, հիմնականում կերթևեկեն լայն փողոցներով, լայն պողոտաներով: Դա ենթադրում է, որ այսօր արդեն այդ ուղղություններով երթևեկող միջին, փոքր դասի ավտոբուսները կարող են ուղղորդվել այլ երթուղիներ: Նախատեսվում է նաև ներկրել 15 նոր տրոլեյբուս, ինչպես նաև 100 միջին դասի նոր ավտոբուս:
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային ոլորտում գնում է կենտրոնական վերահսկողական համակարգի ներդրմանը: Հայկ Սարգսյանի խոսքով՝ օնլայն ռեժիմով կկարողանան հետևել, թե որ ավտոբուսը որ հատվածում է գտնվում, արդյոք կան ուշացումներ:
«Դա հնարավորություն կտա խիստ վերահսկողություն իրականացնել: Օրինակ, որոշ վարորդների հետ կապված խնդիրներ ենք տեսնում: Մասնավորապես, կանգառներում չեն կանգնում, արագ են երթևեկում, ուշացումներ են լինում: Մենք հիմա էլ հետևողական ենք, փորձում ենք դեռ նախազգուշացումներով կարգի հրավիրել, սակայն կենտրոնական վերահսկողական համակարգ ունենալն առավել արդյունավետ կլինի»,-ասաց նա:
Շուտով մեկնարկելու են նաև ավտոբուսների ժամանակակից հավաքակայանի ստեղծման աշխատանքները: Հավաքակայանները երեք տեղ են լինելու, որպեսզի կրճատվի տրանսպորտային միջոցների վազքը: Ժամանակակից հավաքակայանը հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկական միջոցներով:
Աննա Գզիրյան