Սպիտակ տանը Բայդենի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում` քննադատական խոսքեր հնչեցնելով Թուրքիայի հասցեին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունելության ժամանակ հյուրընկալել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և նրա ընտանիքին։ Հիշեցնելով որ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման 201-ամյակն է լրանում՝ Բայդենը շեշտել է, որ Հունաստանը ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է։
Բայդենի հետ հանդիպումից հետո Միցոտակիսը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում։ Նա ընդգծել էր, որ երկու երկրների հարաբերությունները ձևավորվում են պաշտպանության, տնտեսության և առևտրի ոլորտներում՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հունական կղզիներում։
Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Միցոտակիսը նշել է, որ իրենք դեմ են Պուտինի հարձակմանը և հավելել, որ աջակցում են Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։
Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիան մշտապես խախտում է Հունաստանի օդային տարածքը, տարածաշրջանում սադրիչ դիրքորոշում է որդեգրել, և այդ պատճառով Կիպրոսի հարցում առաջընթաց չի արձանագրվում, քանի որ Թուրքիան փորձում է պարտադրել խնդիրը «երկու առանձին պետության» սկզբունքով լուծելու մոտեցումը:
Հունաստանի վարչապետի ելույթում մասնավորապես նշվել է.
«Այստեղից պետք է ուղերձ հղենք բոլոր ավտորիտար առաջնորդներին, ուստի խնդրում եմ ուշադրություն դարձնել մի հարցի, որը մեզ անհանգստացնում է վերջին 48 տարում․ Թուրքիայի իրականացրած օկուպացիան և Կիպրոսի մասնատումը… Հունաստանը միշտ բարեկամության ձեռք է մեկնում իր հարևաններին, բայց միջազգային իրավունքում կա միայն մեկ շրջանակ մեր հարևանների հետ վեճերը լուծելու համար: Մենք թույլ չենք տա այնպիսի գործողություններ, որը խախտում է մեր ազգային ինքնիշխանությունը և իրավունքները: Սա նաև վերաբերում է մեր կղզիների վրայով անօրինական թռիչքների իրականացմանը: Հետևաբար, տարածաշրջանին ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ որոշում կայացնելիս, խնդրում եմ ձեզ հաշվի առնել անկայունության վտանգը ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան թևում:
Միցոտակիսի ելույթից հետո դահլիճում բոլորը ոտքի են կանգնել և 3 րոպե ծափահարել Հունաստանի վարչապետին։