Սպասելու եմ, որ այդ ուժերը հիմնավորեն Գրիգորյանի խոսքերը և պնդեն՝ նա ազգամիջյան թշնամանք չի սերմանել. Խաժակյան

  «Ասեմ ձեզ… ես ամենևին չեմ մեղադրում Արմեն Գրիգորյանին իր արած արտահայտությունների համար: Քիչ չեմ հանդիպել մարդկանց, ովքեր խոսափող ստանալուն պես այնպիսի բաներ կխոսեն, որ Քրեական օրենսգրքի մի քանի տասնյակ հոդվածներ կշալակեն: Հանրային խոսքը ամեն մարդու բան չէ»:

Այս մասին ֆեյսբուքյն իր էջում անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ձերբակալությանն ու ավելի վաղ նրա կողմից հնչեցված հայտարարություններին, գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ շարունակելով.

«Խնդիրը այն մամուլի միջոցներն են, որոնց հիմնական գործառույթը դարձել է ատելության խոսք հնչեցնողներին «ռասկրուտկա» անելը: Կամ ավելի ստույգ ասած խնդիրը այն քաղաքական ուժերն են, որոնք տիրապետում են մամուլի միջոցներ, որոնք «ռասկրուտկա» են անում ատելության խոսքը:

Եթե Արմեն Գրիգորյանը չստանար ցույցի ամբիոնի խոսափողը և չհրավիրվեր եթերների իշխանությունների դեմ թշնամանք սերմանելու համար, ապա համոզված եմ, առավելագույնը նա կլիներ այս ցույցերի խաղաղ մասնակից:

Այսքանից հետո սպասելու եմ այդ ուժերի ներկայացուցիչների հայտարարություններին, որով կհիմնավորեն Գրիգորյանի խոսքերը և կպնդեն, որ նա ազգամիջյան թշնամանք չի սերմանել»: