ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով, քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը:
Նախաքննության ընթացքում քննիչի կողմից իրականացված մեծածավալ քննչական գործողությունների, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ Երևանի քաղաքապետարանի մի շարք նախկին պաշտոնատար անձանց կողմից ինչպես պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, այնպես էլ՝ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ:
Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Փիրումյաններ փողոցի 13/15 և 13 հասցեներում գտնվող՝ համայնքի սեփականություն հանդիսացող 2000քմ և 3500քմ ընդհանուր մակերեսով հողամասերն առանց հրապարակային սակարկությունների՝ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, 2010թ. փետրվարին և 2011թ. հուլիսին օտարվել են, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 308.652.000 ՀՀ դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, իսկ Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: