Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ժամկետը կախված կլինի նրանից, թե որքան արագ երկիրը կկարողանա վերականգնվել հակամարտությունից և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ: Նման կարծիք է հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ որևէ պետության անդամակցությունը Եվրամիությանը սովորաբար տևում է մի քանի տարի՝ սկսած դիմումի ընդունման օրից։
«Ուզում եմ ընդգծել, որ շատ բան կախված է հենց Ուկրաինայից՝ ինչպես նա կկարողանա վերականգնվել այս պատերազմի ավարտից հետո, իսկ այդ հարցում մենք նրան կօգնենք, ինչպես կիրականացնի բարեփոխումներ ու անհրաժեշտ տնտեսական վերափոխումներ, ինչպես կազատվի օլիգարխներից»,- ասել է ԵՀ ղեկավարը:
Ավելի վաղ նման գնահատական էին տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Երկու քաղաքական գործիչներն էլ վստահ են, որ Ուկրաինայի միացումը և ինտեգրումը Եվրամիությանը երկար կտևի: Շոլցը նշել է, որ Եվրահանձնաժողովն ինտեգրացիոն գործընթացի վերաբերյալ ավելի որոշակի գնահատականներ կներկայացնի հունիսի վերջին։