ՀՕՊ զորքերը 30 տարեկան են: Զորատեսակը կայացման և զարգացման լուրջ ճանապարհ է անցել՝ թե՛ մարտական կիրառման, թե՛ զորավարժությունների ընթացքում ապացուցելով հայ զինծառայողների մասնագիտական բարձր պատրաստվածությունը: Հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, առավել քան երբևէ, ՀՕՊ զորքերը մեր հասարակության ուշադրության կենտրոնում են: Ի՞նչ խնդիրներ ունի զորատեսակը, որո՞նք են զարգացման առաջնահերթությունները, ինչքանո՞վ է «օդը փակ» հակառակորդի համար:
ՀՕՊ զորքերի անցյալի և ապագայի խնդիրներն ու այժմեական զարգացումները մեզ է ներկայացնում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ, վարչության պետ, գնդապետ Գ. Մովսեսյանը:
1992 թ. հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվեց ՀՀ ՊՆ ՀՕՊ բաժինը: 1992 թ. սեպտեմբերի 14-ին այն վերակազմավորվեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության, որը և պետք է կազմակերպեր ու կարճ ժամանակահատվածում իրականացներ ծավալուն և պատասխանատու աշխատանք ՀՕՊ առաջին միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կազմավորման, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ համակարգի ստեղծման գործում: Մարտական գործողություններ վարելուն զուգահեռ, 1992-93 թթ. կազմավորվեցին ՀՀ ԶՈՒ առաջին ՀՕՊ զորամասերն ու ստորաբաժանումները` դառնալով ընդհանուր ՀՕՊ համակարգի ողնաշարը:
Ադրբեջանական ռազմաօդային ուժերն առաջին կորուստը կրեցին 1992 թ. ապրիլի 8-ին. Արցախի Հանրապետությունում «Շիլկա» կայանքից խոցվեց Մի-8 ուղղաթիռ: Առաջին ադրբեջանական ինքնաթիռը ոչնչացվեց 1992 թ. հունիսի 13-ին. Ասկերանը ռմբահարելու փորձի ժամանակ ՍՈւ-25 գրոհային ինքնաթիռը խոցվեց «Ստրելա-2Մ» համալիրով: Արցախյան ազատամարտի ժամանակ Հայոց բանակի հակաօդայինները պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները. խոցեցին թշնամական օդուժի շուրջ երեք տասնյակ ուղղաթիռ և ինքնաթիռ:
Պատերազմից հետո, ընդհանուր բանակաշինությանը զուգահեռ, իրականացվեցին մեծածավալ աշխատանքներ ՀՕՊ համակարգի կատարելագործման, մարտական ներուժի ավելացման և մասնագիտական վարպետության բարձրացման ուղղությամբ: ՀՕՊ կրտսեր մասնագետների պատրաստման նպատակով 1996 թ. ստեղծվեց առանձին ուսումնական դիվիզիոնը, որը հետագայում վերածվեց ՀՕՊ մասնագետների պատրաստման ուսումնական կենտրոնի:
ՀՕՊ զորքերի կառավարման համակարգի կատարելագործման նպատակով կառուցվել, սարքավորվել են ստացիոնար հրամանատարական (կառավարման) կետեր, ներդրվել են շարժական բաղադրիչներ: Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ համագործակցության արդյունքում ներդրվել են ժամանակակից ռադիոտեղորոշման կայաններ, իսկ սպառազինության մեջ եղածներն արդիականացվել և համապատասխանեցվել են ժամանակակից հակաօդային մարտի պահանջներին: Ստեղծվել է տեղեկատվության փոխանցման եւ մշակման ավտոմատացված համակարգ: Իսկ ՀՕՊ զորքերի տեսադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս, ռելիեֆի բարդությունից ելնելով, էականորեն բարելավել համակարգի հետախուզական հնարավորությունները տարբեր բարձրություններում: Պարբերաբար ձեռք են բերվել ժամանակակից հակաօդային պաշտպանության խոցման միջոցներ:
Այս ամենի ետևում ահռելի աշխատանք է, որի արդյունքում ՀՕՊ զորքերի մարտական հաշվարկները, ըստ անհրաժեշտության, արդյունավետ հակազդել են հակառակորդի` ՀՀ և Արցախի օդային տարածք ներխուժման փորձ կատարող միջոցներին: Բայց արդի տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում ՀՕՊ զորքերը անընդհատ նոր մարտահրավերների առաջ են կանգնում. այսօրվա ձեռքբերումը վաղը կարող է արդեն հնացած լինել: Այդ նոր մարտահրավերը մեզ համար եղավ 2020 թ. պատերազմը…
Պատերազմը հիշելը ցավոտ է, ունեցել ենք անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի կորուստներ: Բայց փաստ է, որ ՀՕՊ զորքերի ունեցած ներուժը կիրառվել է ամբողջությամբ: 44 օրերի ընթացքում թշնամու ավելի քան 280 օդային հարձակման միջոց է խոցվել, որոնցից մոտ 90 տոկոսը` ԱԹՍ-ներ, այդ թվում՝ «Բայրաքթար» հարվածային անօդաչուներ: Բացի այդ, թշնամու ավիացիան իր խնդիրն ըստ էության մասամբ է կատարել: Նրանց ինքնաթիռները պատերազմի բոլոր օրենքներով պետք է ներթափանցեին մեր պաշտպանական խորություն, խնդիր կատարեին, սակայն նպատակային ճշգրիտ հարվածներ հասցրել են միայն առաջնագծի հատվածներում՝ խուսափելով մեր ՀՕՊ-ի երաշխավորված խոցման գոտի մտնելուց: Մի այսպիսի փաստ՝ Ստեփանակերտը չի ռմբակոծվել: ՀՕՊ համակարգը ունակ է եղել իր վրա վերցնել թշնամու սկզբնական օդային հարվածը, ռազմական գործողությունների ընթացքում վերականգնվել եւ վերադասավորումների, տարբեր մարտավարական գործողությունների արդյունքում խանգարել է թշնամուն լիարժեք օդային գերակայության հասնել: Դյուրակիր զենիթահրթիռային համալիրների կիրառմանը պատրաստ ցանց է բացազատվել ամբողջ առաջնագծով: Դրա արդյունքում թշնամու զորքին բանակային ավիացիայի անմիջական կրակային աջակցություն գրեթե չի եղել: Սկզբնական կորուստներից հետո հակառակորդը ուղղաթիռները կիրառել է ռազմատրանսպորտային, սանիտարական եւ այլ նպատակներով:
Մեր հնարավորությունների սահմաններում արվել է առավելագույնը: Ցավալի բացթողումներ, կորուստներ ենք ունեցել պատերազմի առաջին օրերին, դա փաստ է, բայց կարողացել ենք շարժեր կատարել, վերականգնվել, հակաօդային պաշտպանության խմբավորում ստեղծել այնպիսի քանակով, որը համարյա թե չի զիջել նախապատերազմյան շրջանի քանակին:
…2020 թ. պատերազմից հետո մարտական գործողությունների արդյունքների վերլուծություն և գնահատում է կատարվել, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել ՀՕՊ համակարգի մարտունակության վերականգնման, հնարավորությունների վերագնահատման և մարտական հնարավորությունների վերահաշվարկման, սպառազինության արդիականացման ուղղությամբ: Նախանշվել են զորատեսակի զարգացման առաջնահերթությունները՝ համապատասխան կարողություններով:
Առաջնահերթ աշխատել ենք մարտունակությունը կորցրած, խոցված տեխնիկան շարք վերադարձնել: Հաստատվել է ՀՕՊ զորքերի կազմհաստիքային կառուցվածքը` համապատասխանեցնելով այն նոր մարտական խնդիրների լուծմանը:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. hayzinvor.am