«Ամերիկամետ» համարվող Մերձավոր Արեւելքում անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության «անսպասելի» արդյունքներն այժմ վկայում են, որ ԱՄՆ-ը կորցնում է ազդեցությունը տարածաշրջանում: Այս մասին «Yahoo.co.jp»-ում գրել է ճապոնացի հայտնի քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի մասնագետ Յասունորի Կավակամին, ով աշխատել է Կահիրեում, Երուսաղեմում, Բաղդադում, լուսաբանել իսրայելա-պաղեստինյան հակամարտության, Իրաքի պատերազմի, «Արաբական գարնան» իրադարձությունները: Մի շարք գրքերի հեղինակ է՝ «Մերձավոր Արեւելքը եւ համաշխարհային քաղաքականությունը», «Եգիպտական հեղափոխությունը», «Մերձավորարեւելյան իսլամ» եւ այլն: Ապրիլի վերջին Մերձավոր Արեւելքում հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է ամերիկյան «ուղեղի կենտրոնը»՝ մերձավորարեւելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտը: Այն հայտնի վերլուծական կենտրոն է, որը Վաշինգտոնում է եւ զբաղվում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցերով: Ուսումնասիրությունն ապշեցուցիչ արդյունքներ է տվել, որոնք այնքան էլ չեն համապատասխանում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ավանդական հայացքներին: Այն միանգամայն որոշակիորեն ցույց է տվել, որ Միացյալ Նահանգների ազդեցությունը Մերձավոր Արեւելքում, հատկապես՝ Պարսից ծոցի արաբական երկրներում, անշեղորեն նվազում է, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես անշեղորեն մեծացնում են իրենց ներկայությունն այնտեղ։ Ինչպես հայտնի է, Բայդենի վարչակազմը տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում նրա ռազմական հատուկ գործողության համար։ ԱՄՆ-ը եւ Եվրոպան ամրապնդում են իրենց համերաշխությունն այս առումով, սակայն Մերձավոր Արեւելքում շատ երկրներ չեն հետեւում Ռուսաստանին «զսպելու» եւ նույնիսկ նրան մեկուսացնելու՝ ԱՄՆ-ի ծրագրերին։ Հարցումը նշված ինստիտուտի կողմից անցկացվել է Մերձավոր Արեւելքի ութ երկրներում՝ արդեն 10-րդ անգամ։ Առաջին անգամ նման հարցում անցկացվել է 2014 թ.: 2022 թ. նրա օբյեկտներն ամենեւին էլ ինչ-որ մարգինալ արաբական ուժեր չէին, այլ, ընդհակառակը, երկրներ, որոնք վերջերս սերտ կապեր էին ցուցադրում ԱՄՆ-ի հետ։ Դրանք են Սաուդյան Արաբիան, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը, Քուվեյթը, Եգիպտոսը, Հորդանանը եւ Լիբանանը։ Հարցումն անցկացվել է մարտին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Նախորդ նման ուսումնասիրությունն իրականացվել է 2021 թ. նոյեմբերին։ Ուստի դրա արդյունքում կարելի է տեսնել Մերձավոր Արեւելքում հասարակական տրամադրությունների փոփոխությունների դինամիկան մինչեւ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկը եւ դրանից հետո։ Նման հետազոտության վիճակագրական սխալը մոտավորապես 3 տոկոս է: «Ինչպե՞ս եք վերաբերվում Ռուսաստանի ռազմական գործողություններին Ուկրաինայում» հարցին «շատ բացասական» կամ «ավելի շուտ բացասական» պատասխան է տվել հարցվածների 76 տոկոսը՝ Սաուդյան Արաբիայում, 77-ը՝ ԱՄԷ-ում, 79-ը՝ Բահրեյնում, 76-ը՝ Քուվեյթում եւ այլն։ Ամեն դեպքում՝ բոլոր 8 երկրներում մեծամասնությունը (միջինը՝ մոտ 70 տոկոս) դրական չի վերաբերվում ռուսական հատուկ գործողությանը։ Դրան, սակայն, հաջորդում են այս համատեքստում բավական անսպասելի արդյունքներ: «Ձեր անձնական կարծիքով՝ որքանո՞վ է կարեւոր ձեր երկրի կողմից Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը» հարցին «շատ կարեւոր է» կամ «ավելի շուտ կարեւոր է» պատասխաններ Սաուդյան Արաբիայում տվել է հարցվածների 49 (անցած տարվա նոյեմբերին՝ 45), ԱՄԷ-ում՝ 53 (49), Բահրեյնում՝ 50 տոկոսը (46): Ստացվում է, որ, չնայած Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողությանը, մարդկանց թիվը, ովքեր Ռուսաստանի հետ Մերձավոր Արեւելքի երկրների հարաբերությունները կարեւոր են համարում, չի կրճատվում, այլ աճում է: Մինչեւ հիմա կարծիք կար, որ Պարսից ծոցի երկրները՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քուվեյթը եւ Բահրեյնը, ամերիկամետ են: Բայց առավել ցնցող է հենց այդ երկրների քաղաքացիների արձագանքը «Մեր երկիրը չի կարող հույսը դնել միայն ԱՄՆ-ի վրա. Ռուսաստանին ու Չինաստանին պետք է համարել ավելի արժեքավոր գործընկերներ, քան նախկինում» թեզին: Այս թեզին Սաուդյան Արաբիայում «լիովին համաձայն» կամ «ավելի շուտ համաձայն» է հարցվածների 55 (անցած տարվա նոյեմբերին՝ 49), ԱՄԷ-ում՝ 57 (51), Բահրեյնում՝ 59 տոկոսը (54): Այսինքն՝ այս երկրներից յուրաքանչյուրում հարցվածների ավելի քան 50 տոկոսն ասել է, որ իրենց կառավարությունները պետք է ազատվեն ԱՄՆ-ից կախվածությունից, եւ այդ մոտեցումն անցած տարվա նոյեմբերի համեմատությամբ աճել է ավելի քան 5 տոկոսով: «Ո՞ր երկիրը ձեզ կպաշտպանի արտաքին թշնամիներից» հարցին տրված պատասխանները նույնպես բավական հետաքրքիր են: Սաուդյան Արաբիայում 45 տոկոսն արտահայտվել է ԱՄՆ-ի, 34-ը՝ ՌԴ-ի, ԱՄԷ-ում 44-ը՝ ԱՄՆ-ի, 33-ը՝ ՌԴ-ի, Բահրեյնում 42-ը՝ ԱՄՆ-ի, 37-ը՝ ՌԴ-ի, Քուվեյթում 41-ը՝ ԱՄՆ-ի, 32-ը՝ ՌԴ-ի օգտին: Այսինքն՝ միջինը ԱՄՆ-ի օգտին արտահայտվում է հարցման ենթարկվածների 40, իսկ Ռուսաստանի օգտին՝ 30 տոկոսը: Պարսից ծոցում 1990-1991 թթ. ճգնաժամից ու պատերազմից հետո որոշ երկրներում ամերիկյան զորքեր են տեղակայվել։ «Reuters» գործակալության տվյալներով՝ 2020 թ. նրանց թիվը Բահրեյնում եղել է 5000, Քաթարում՝ 10000, Սաուդյան Արաբիայում՝ 2500, Քուվեյթում՝ 14500 եւ ԱՄԷ-ում՝ 5500։ Հաշվի առնելով Պարսից ծոցում ԱՄՆ-ի քաղաքական եւ ռազմական ներկայությունը, որը շարունակվում է 1990-ականներից, այն փաստը, որ Ամերիկայից այդ պետություններին աջակցության ակնկալիքները «սառել» են 40 տոկոսի սահմաններում, իսկ Ռուսաստանից սպասումներն սկսում են գերազանցել 30 տոկոսը, չի կարող չզարմացնել: «Ո՞ր երկիրն ամենամեծ ազդեցությունը կունենա Մերձավոր Արեւելքում առաջիկա 10 տարում» հարցին տրված պատասխանները հետեւյալ կերպ են բաշխվել.
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. hhpress