Այսօր՝ մայիսի 24-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ Ջրվեժ թաղամասում գտնվող «Արմենթել» ընկերությանը պատկանող տարածքից գողություն է կատարվելու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները հասնում են այն պահին, երբ Ford մակնիշի ավտոմեքենան բարձված գողոնով նշված տարածքից դուրս էր գալիս։ Ոստիկանները հրահանգում են, որպեսզի այդ, ինչպես նաև մեկ այլ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները կանգնեն, սակայն վարորդները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, դիմում են փախուստի։ Սկսվում է հետապնդում, և Նոր Նորքի ոստիկաններին օգնության են հասնում ՀՀ ոստիկանության պարեկաիյն ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Պարեկները մի քանի անգամ բարձրախոսով հրահանգում են, որպեսզի փախուստի դիմողները կանգնեն, սակայն նրանք, դարձյալ չենթարկվելով, շարունակում են դիմել փախուստի։ Ոստիկաններն ու պարեկները կասկածելի գողոնով բարձված Ford-ը հետապնդում են մոտ 4 կմ, ու արդեն պարեկ Ռ. Ալոյանը, ով նաև վարում էր ծառայողական ավտոմեքենան, նախազգուշական կրակոցներ է արձակում օդ, ապա տեսնելով, որ դա էլ չի զգաստացնում Ford-ի վարորդին, ընթացքում դիպուկ կրակոցներ է արձակում Ford-ի անվադողերի ուղղությամբ, որից հետո Ford-ի վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը և բախվում բազալտե եզրաքարերին, ապա ծառերին և մոտ 200 մետր կողաշրջված սահելով՝ հայտնվում «Բաքոս» ռեստորանային համալիրի դիմաց։ Կողաշրջվելուց հետո ավտոմեքենայի վարորդը, նրա կողքի ուղևորն ու հետևի հատվածում գտնվող մի քանի հոգի դիմում են փախուստի, սակայն ոստիկաններին ու պարեկներին հաջողվում է նրանցից մի քանիսին հետապնդել և վնասազերծել, ովքեր էլ բերման են ենթարկվում ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. shamshyan.com