Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոսարանը՝ կապող օղակ երկու երկրների միջև. հյուպատոս

  Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը իր նշանակման օրվանից՝ 2012 թվականից,   կարևոր կապող օղակ է ստեղծել երկու երկրների միջև, իրականացրել տարաբնույթ ծրագրեր և ապագայի հետ կապված դեռ շատ ծրագրեր ունի:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի պատվավոր հյուպատոսը նշեց, որ հյուպատոսարանի իրական գործունեության մասին Հայաստանում, ցավոք,  շատերը տեղյակ չեն: Մեծ մասը դիմում են վիզա ստանալու նպատակով՝ չիմանալով, որ հյուպատոսարանը վիզա չի տրամադրում:

Հայաստանում Իսպանիայի Թագավորության հյուպատոսարանի գործունեությունը

«Հայաստանում  Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվում է Հայաստանում ապրող և աշխատող բազմաթիվ իսպանացիների խնդիրներով:-Ասում է  Արմինե Ադամյանը:- Սկսած փաստաթղթերի հետ կապված խնդիրներից, մինչև մահվան դեպքերը, ինչի ժամանակ հյուպատոսի կնիքը փաստաթղթերում պարտադիր է: Ինչպես նաև շատ մեծ աշխատանքներ ենք տանում՝ օգնելով հայերին, ովքեր տարբեր խնդիրներ են ունենում կապված ճանապարհորդությունների, անձնագրի կամ բանկային քարտերի հետ: Անմիջապես գլխավոր հյուպատոսարանի հետ ենք կապվում և խթանում ենք, որ նրանց խնդիրները շատ արագ լուծվեն: Օրինակ՝ պատվիրակությունը երկու օրից պետք է մեկնի գործուղման, մարդիկ խաղերի, գիտաժողովների են մասնակցելու, բայց Ռուսաստանում գտնվող գլխավոր հյուպատոսարանից պատասխանն ուշանում է կամ չկա, ես անմիջապես կապվում եմ ՌԴ հյուպատոսարանի հետ և փոխանցելով տվյալները՝ բանակցում եմ, որ արագացնեն, որպեսզի մարդիկ չկորցնեն իրենց հնարավորությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով վիզաների տրամադրմանը՝ հյուպատոսը շեշտեց, որ Հայաստանում կա  BLS վիզաների կենտրոն և ըստ օրենքի բոլոր փաստաթղթերը վիզաների կենտրոնի միջոցով գնում են Մոսկվա, որտեղ էլ հաստատվում են:

Իրականացված ծրագրեր

Ներկայացնելով իրականացրած աշխատանքները՝ Արմինե Ադամյանն ասաց, որ հյուպատոսարանը նպաստում է մշակույթի, լեզվի զարգացմանը, և եղել են տարիներ, որ իրենց  ջանքերով Հայաստան են հրավիրվել տարբեր հայտնի պարային խմբեր, երաժիշտներ, օպերային երգիչներ, ինչն իրականացվել է երկու կողմերի համաֆինանսավորմամբ: Եվ մեր քաղաքացիները հնարավորություն են ունեցել անվճար վայելելու այն մշակութային արժեքները, որոնք ունի Իսպանիան:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ արդեն երկու տարի է իմ ջանքերի շնորհիվ Իսպանիան հայտեր է ուղարկում Հայաստան՝ հրավիրելով համապատասխան գիտելիքներով ուսանողների և աշակերտների, որպեսզի նրանք ուսանեն Իսպանիայում՝ հոգալով նրանց բոլոր ծախսերը, ինչը, կարծում եմ, շատ մեծ հնարավորություն է Հայաստանի երիտասարդներ համար»,- ասաց պատվավոր հյուպատոսը:

Ծրագրեր ներկայի  և ապագայի համար

Արմինե Ադամյանը հույս հայտնեց, որ եթե վերջին շրջանում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները թույլ տան, և ինչ-որ բան աշխարհում չփոխվի, ամեն ինչ հարթ անցնի, իրենք ծրագրել են այս տարի ևս նշել Իսպանիայի ազգային տոնը և դրա շրջանակում նորից հրավիրել մշակութային գործիչների:

«Ծրագրերից մյուսը, որը ինձ համար շատ կարևոր է, յուրաքանչյուր ոլորտում փորձի փոխանակում իրականացնելուն նպաստել կարողանալն է: Ես բավականին մեծ ջանքեր եմ ներդնում, որպեսզի  կարողանամ գտնել այնպիսի կառույց, որը կցանկանա համագործակցել Հայաստանի հետ և բացել ուսուցողական կենտրոններ, որտեղ մասնագետները կկիսեն իրենց փորձն ու գիտելիքները, քանի որ տեխնոլոգիաները զարգանում են, և այն, ինչ մենք սովորել ենք նախկինում ու այն ինչ հիմա աշխարհը կարող է տալ, լրիվ տարբեր բաներ են: Եվ երրորդ ծրագիրը, որը կցանկանայի իրականություն դառնար, Հայաստանում Սերվանտեսի դպրոց բացելն է: Արդեն բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել դպրոցների տնօրենների հետ, որպեսզի ֆինանսավորեն և այստեղ բացեն այդ դպրոցը»,- ասաց նա:

 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.  armenpress