ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով` 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Զ.-ն 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի հունվարին դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին` նրա օգնականի, տեղակալի կամ գլխավոր քարտուղարի պաշտոններում նշանակվելուն նպաստելու համար, սակայն բոլոր դեպքերում նրանից մերժում է ստացել:
Այնուհետև՝ 2022 թվականի ապրիլի 27-ին, Ս. Զ.-ն ոռոգման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու պատրվակով այցելել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե և հանդիպել Վահագն Գևորգյանին: Վերը նշված պաշտոններից որևէ մեկում նշանակվելու համար կոմիտեի նախագահի կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին առաջարկություն ներկայացնելու կամ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակվելու գործընթացին պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով նպաստելու համար Ս. Զ.-ն Վահագն Գևորգյանին որպես կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.599.800 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար, որը փակ թղթապանակով դրել է նրա աշխատասեղանին` նշելով, որ դրանում առկա են փաստաթղթեր և խնդրելով ուսումնասիրել դրանք:
Վահագն Գևորգյանը, պարզելով, որ թղթապանակում առկա են ոչ թե փաստաթղթեր, այլ կաշառքի առարկա հանդիսացող գումար, այդ մասին անմիջապես հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ապա` 2022 թվականի ապրիլի 29-ին իր աշխատասենյակ է կանչել Ս. Զ.-ին: Վերջինս Վ. Գևորգյանի պահանջով վերցրել է իր կողմից որպես կաշառք տված գումարը, որից անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Կատարված անձնական խուզարկությամբ նշված գումարը հայտնաբերվել ու վերցվել է Ս. Զ.-ի մոտից:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ս. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: