ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրեր առաջ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լսումներին մասնակցելու նպատակով հրավեր էր ուղարկել Վարդան Օսկանյանին, որին որևէ պաշտոնական պատասխան չտալով՝ Օսկանյանը մամուլում հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ չի պատրաստվում ներկայանալ Հանձնաժողովի լսումներին։
Նախ՝ հանձնաժողովի մասին Օսկանյանի ունեցած կարծիքը չէ, որ պետք է ձևավորի մեր աշխատանքների տրամաբանությունն ու հաջորդականությունը, երկրորդ՝ Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա քննիչ հանձնաժողովի գործունեությանը, իսկ եթե նա իրապես վստահ չէ հանձնաժողովի նպատակների արդարության և օբյեկտիվության հարցում, ապա առաջարկում եմ նրան անձամբ ներկայանալ հանձնաժողով և «խորը» գիտելիքներով ու պրոֆեսիոնալիզմով «դասեր տալ» հանձնաժողովականներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։
Այդուհանդերձ, զգուշացնում եմ, որ թե՛ Օսկանյանի, և թե՛ մյուս բոլոր հրավիրյալների կողմից Հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է բարոյական և քաղաքական հետևանքներ։ Ի դեպ, քաղաքական թաքստոցներից օգտվել ևս չի հաջողվի, քանի որ դրանք կվերացվեն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում, և այդ պարագայում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չներկայանալը կհանգեցնի նաև իրավական հետևանքների։