Կանխիկի շրջանառության կրճատումը Կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ հուլիսի 1-ից շրջանառության մեջ է մտնելու կանխիկի կրճատման մասին օրենքը։
«Մեր նպատակադրումը և պլանավորումն այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առքուվաճառք հնարավոր չլինի իրականացնել կանխիկ եղանակով: Ենթաօրենսդրական ակտերով պետք է ապահովենք այս ամենը: Այսպիսի դրույթ է լինելու, որ եթե հանկարծ որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի ունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է հետագայում գործարքն առ ոչինչ ճանաչելու հիմք դառնալ:
Խնդրում եմ, որ որևէ մեկը չմտածի, թե ցանկանում ենք մարդկանց կյանքը բարդացնել, ընդհակառակը՝ ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել»,- ասաց Փաշինյանը: