Ֆրանսիայի հրապարակում հրավիրած հանրահավաքի նախաշեմին Հայաստան դաշինքը հերթական սուտ լուրն է տարածել՝ նպատակ հետապնդելով հնարավորինս շատ մարդ ներգրավել հանրահավաքին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ հավելելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս դաշինքի անունից պաշտոնապես կեղծ լուրեր են տարածում։
«Ուշագրավ է, որ Մեղրին հանձնելու մասին բանակցող Քոչարյանի դաշինքը մեղադրում է իշխանութանը Սյունիքը հանձնելու մեջ։
Փաստ է, որ փողոցում հայտնված ընդդիմությունը արդեն իսկ խեղդվում է սեփական ստերի մեջ, հիմա պարզապես փորձեր են անում փրկվել՝ նոր ստեր հորինելով ու ձեռքները փրփուրներին գցելով։ Բայց միևնույն է, չի օգնելու։
Իսկ իշխանությունը ընդամենը մեկ բան ունի հանձնելու՝ այս օրերին կեղծ օրակարգով փողոցներում թափառող ԱԺ նիստերից բացակայած, բայց աշխատավարձ ստացած ընդդիմադիր պատգամավորների գործը հանձնել ՍԴ, նրանց տրված մանդատների հարցը վիճարկելու համար»,-գրել է Չախոյանը:
Նշենք, որ «Հայաստան դաշինք»-ը երեկ իր էջում հրապարակել էր քարտեզ՝ նշելով տարածքներ, որոնք իբր հանձնվել կամ հանձնվելու են Ադրբեջանին: Նշվում էր, որ անտարբերության հետևանքով հայ ժողովուրդն ունենալու է քարտեզում նշված պատկերը և դրանից խուսափելու համար հարկավոր է ոտքի կանգնել և միանալ Ֆրանսիայի հրապարակում այսօր սպասվող հանրահավաքին: