Իռլանդիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, բանաձև է ընդունել, որով Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները «ցեղասպանություն» է ճանաչում։ Այս մասին հայտարարել է Սենատի խոսնակ Մարկ Դալին։ «Ռուսաստանի Դաշնության անօրինական ներխուժումն Ուկրաինա ցեղասպանության ակտ է: Իռլանդիայի Սենատը բանաձև է ընդունել Ուկրաինայում Ռուսաստանի իրագործած ցեղասպանության մասին»,- գրել է Դալին Twitter-ում: Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա չպատճառաբանված արարք էր, և որ այն հակասում է միջազգային իրավունքին։ «Ռուս զինվորականների գործողությունները համապատասխանում են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» եզրույթի չափանիշներին»,- ասվում է բանաձևում։ Ավելի վաղ Կանադայի, Լատվիայի, Էստոնիայի, Լիտվայի և Չեխիայի խորհրդարանները ևս Ռուսաստանի գործողությունները ճանաչել էին «ցեղասպանություն»։
Էմմա Չոբանյան