Քաղաքացիները կկարողանան առավել արագ ու արդյունավետ իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը, իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս կթեթևանա։ Այդ խնդիրների լուծման նպատակով դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվել է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացումը, մասնավորապես, որոշ ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտի ներդրման միջոցով: Դրան է միտված ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է հիմնովին բարեփոխել հաշտարարության ոլորտը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախագծերի փաթեթով որոշ ընտանեկան գործերով սահմանվել է պարտադիր հաշտարարություն իրականացնելու պահանջ` նախքան դատարան դիմելը: Բացի այդ, ըստ նախագծի` հաշտարարի թեկնածուն կընտրվի և դատարանին կներկայացվի էլեկտրոնային համակարգի միջոցով: Կողմերը կկարողանան նաև առցանց եղանակով մասնակցելու հաշտարարության գործընթացին:
Ըստ աղբյուրի՝ փաթեթի ընդունման արդյունքում հնարավորինս կերաշխավորվի բոլոր դեպքերում հաշտարարին իր աշխատանքի դիմաց վարձատրության տրամադրումը:
Նշվում է, որ Ազգային ժողովի կողմից դրա ընդունուից հետո` մեկ տարվա ընթացքում ՀՀ արդարադատության նախարարությունը կկազմակերպի գործող հաշտարարների վերապատրաստման և նոր հաշտարարների ներգրավման, ուսուցման ու որակավորման գործընթացը՝ միջազգային չափանիշներին համապատասխան: