ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ՝ Էջմիածին քաղաքի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Դեպքի մասին ահազանգը ստացվել է 2022թ. մայիսի 31-ին՝ ժամը 13:55-ին, որով տեղեկացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ տղամարդու դի լինելու վերաբերյալ:
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայրի՝ Էջմիածին քաղաքի Չոբանքարա խաչմերուկի կանգառի մոտ գտնվող երկաթե թափոների միջնամասում, հայտնաբերել է տղամարդու դի` բռնի մահվան հետքերով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով Էջմիածին քաղաքի՝ 58-ամյա բնակիչ է: Նախնական տվյալներով՝ վերջինիս մահը վրա է հասել 2022թ. մայիսի 30-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով:
Նկատի ունենանլով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է տուժողի հագին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: