Արմավիրի մարզում բախվել են Nissan Murano-ն ու Opel Zafira-ն, կա 1 զոհ, 2 վիրավոր

  Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Վարդան Ազատյանի վարած Opel մակնիշի և  26-ամյա Հռիփսիմե Խաչատրյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհին՝ Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամա Մարիաննա Ավագյանն ու Opel-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Դավիթ Շահինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ս. Վարդանյանի գլխավորությամբ։ 

 shamshyan.com