Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որն այժմ ընդդիմադիր «DEVA» կուսակցության առաջնորդն է, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեությանն է անդրադարձել։
Ըստ Բաբաջանի՝ Էրդողանը փորձում է մարդկանց համոզել, որ եթե հանկարծ ինքը չլինի, Թուրքիան էլ չի լինի։
«Այդպես չէ,-գրում է Բաբաջանը,- Թուրքիան հավասար չէ Էրդողանին։ Թուրքիան Էրդողանից շատ ավելի մեծ է։ Առհասարակ Թուրքիան շատ ավելի մեծ է, քան որևէ մեկը։ Ոչ ոք թող չփորձի մարդկանց խաբել նման բառախաղերով»։
Ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է, որ վերջին 25 տարում Թուրքիան չի ունեցել այնքան գնաճ, որքան հիմա։ Թուրքական լիրայի արժեզրկման ամենակարևոր պատճառն այն է, որ Էրդողանը սկսեց կառավարել Կենտրոնական բանկը ու սխալ ցուցումներով սխալ գործողությունների մղեց պատկան մարմիններին։
Ալի Բաբաջանի համոզմամբ՝ հիմա Թուրքիայում կա ուժեղ կադրային կազմ, որն Էրդողանից շատ ավելի լավ կկառավարի երկիրը։
«Էրդողանի դարաշրջանն ավարտվել է։ Ուղղակի հիմա նա պիտի մի հարմար վայրում վայրէջք կատարի»։