Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրին։ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Բայրամովը կրկին օգտագործել է «Զանգրեզուրի միջանցք» ձևակերպումը այն ճանապարհի առնչությամբ, որը պետք է կապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ։
«Կոնկրետ արդյունքներ չկան Զանգեզուրի միջանցքի բացման շուրջ բանակցություններում, որը երկաթուղով և ավտոմոբիլային ճանապարհով կկապի Ադրբեջանի Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունը հանրապետության արևմտյան շրջանների հետ»,- ասել է նա։ Բայրամովի խոսքով՝ Հայաստանը «ձգձգում է այս գործընթացը»։ Ադրբեջանի արտգործնախարարը նույնպես կարծում է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնումը բխում է Հայաստանի շահերից։