Մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղիով․ԵՄ դեսպան

   ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է, թե Եվրոպական Միությունը չափազանց կարևորում և աջակցում է ժողովրդավարական կառավարման համակարգի բարեփոխումները, իրավունքի գերիշխանության հաստատումը, խտրականության դեմ պայքարը Հայաստանում:

«Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովում նա հայտարարել է. «Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնած, և մենք շատ տպավորված ենք, որ իշխանությունները պատրաստակամորեն շարունակում են ընթանալ բարեփոխումների ուղիով: Ներկայումս երկրում մեծ լարվածություն կա, և շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերն աշխատեն միասին՝ պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Մենք ուշի ուշով հետևում ենք երկրում ներքաղաքական իրավիճակին և բողոքի ցույցերին: Բոլոր կողմերին մեկ ուղերձ ենք փոխանցում՝  նվազեցնել լարող իրավիճակը: Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ բարձրաձայնել իրենց կարծիքը,  իսկ իրավապահ մարմիններն ու ոստիկանական ուժերը պետք է ձեռնպահ մնան բիրտ ուժի գործադրումից: Տեղի ունեցած որոշ միջադեպեր ենթակա են քննության, որոշ դեպքերում դա արդեն իսկ տեղի է ունենում, գործերը հասնում են դատարան և կայացվում է որոշում: Այդպես է աշխատում ժողովրդավարությունը»։

ԵՄ դեսպանը կարևորել է Հայաստանում բոլոր կողմերը ձեռնպահ մնան ատելության խոսքից, սադրանքներից: Նրա խոսքով՝ պետք է դատապարտվի ցանկացած բռնություն. «Այս իրավիճակում, կարծում եմ, որ ավելի քան կարևոր է խրախուսել վստահությունը մեր Սահմանադրական դատարանի և դատական համակարգի նկատմամբ»։