SATLANTIS-ը հերքում է հայկական արբանյակի մասին տիեզերական ստերը. fip.am

Հունիսի 7-ին 168 TV-ի Review հաղորդման ընթացքում քաղաքական տեխնոլոգ Կարեն  Քոչարյանը, հղում անելով Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին, պնդել էր, թե Հայաստանը «կապ չունի» վերջերս Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված ARMSAT 1 արբանյակի հետ:

«Ուղարկել ենք, ոնց որ [արբանյակ], որի հետ կապ չունի Հայաստանը, գոնե մասնագետներն են ասում, ես տենց բան չեմ ասել, բանը հայտարարեց, չէ՞, որ․․․Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ա հայտարարել։ Ես մասնագետներին եմ լսում՝ ի տարբերություն մեր իշխանությունների»,- ասել էր Քոչարյանը։ 
 «Փաստերի ստուգման հարթակը» մեկտեղել է հայկական տիեզերական առաջին արբանյակի մասին բաց ու պաշտոնական աղբյուրներում առկա տվյալները՝ պարզելու վերոհիշյալ պնդման իսկությունը։  

Ինչ է ասել Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

Մայիսի 26-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ օրը՝ մայիսի 25-ին, Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից SpaceX ընկերության տիեզերանավով Հայաստանի առաջին տիեզերական արբանյակն է դուրս բերվել Երկիր մոլորակի ուղեծիր։ Վարչապետն ասաց նաև, որ արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում՝ «ինչ-ինչ նկատառումներից ելնելով»։ 
«Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական SATLANTIS ընկերության համագործակցության արդյունքում»,- ասել էր Փաշինյանը
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հղում է անում արբանյակի արձակման մասին հայտարարության հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, «Ազատություն» ռադիոկայանին Արեգ Միքայելյանի տված մեկնաբանությանը։ Դրանում աստղադիտարանի տնօրենը նշել էր, որ «հայկական տիեզերական արբանյակի մասին տեղեկատվությունն ամբողջական չէ` ոգևորվելու համար»։ 
«Մի կողմից՝ ասում են հայկական արբանյակ, բայց հայկական կոչելու համար, ես նախ և առաջ կուզեի իմանալ՝ արդյոք մենք ամբողջ կառավարումը և տվյալների հասանելիությունը ունենք: Մեծ հավանականությամբ՝ ոչ: Այսինքն՝ դա շտապ հայտարարություն է… »,- ասել էր Միքայելյանը։ 
Փաստացի, Միքայելյանը չէր պնդում, որ Հայաստանն արբանյակի հետ կապ չունի, այլ նշում էր, որ արբանյակի մասին սահմանափակ տեղեկատվության պայմաններում հավանական է համարում, որ ՀՀ-ն այն չի կառավարում և տվյալների հասանելիության խնդիր ունի։ 
«Հավանաբար, ես, իհարկե, դեռ չպնդեմ, եկեք առաջ չընկնենք, բայց չի կարող այդպես հանկարծ, մեկ էլ միանգամից պարզվի՝ Հայաստանը արբանյակ ունի… »,- եզրափակել էր Միքայելյանը։ 
Այսպիսով, Կարեն Քոչարյանի պնդումը, թե Բյուրականի աստղադիտարանի տնօրենը հայտարարել է, որ Հայաստանը կապ չունի մայիսի 25-ին արձակված տիեզերական արբանյակի հետ, չի համապատասխանում իրականությանը։ 

Արդյո՞ք ՀՀ-ն կապ ունի արբանյակի հետ 

Հայկական արբանյակի արձակման մասին հայտարարությունից հետո թերահավատ կամ ժխտողական մի շարք պնդումներ եղան․ համացանցում և լրատվամիջոցներում քիչ չեն նաև թեմայի վերաբերյալ մանիպուլյացիաներն ու շահարկումները։
Դրանցից որոշներին հանգամանորեն անդրադարձել են նաև CivilnetCheck-ի մեր գործընկերները։  
Սակայն հունիսի 6-ին իսպանական SATLANTIS ընկերության տարածած  հաղորդագրության մեջ հայկական առաջին արբանյակի մասին մի շարք կարևոր տեղեկություններ հայտնի դարձան, որոնք հիմնականում վերաբերում էին կասկածի կամ կեղծ պնդումների տեղիք տված հանգամանքներին։  
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր է կնքվել, որով ընկերությանը Երկրի դիտարկման լիարժեք համակարգ է տրամադրվում:

«Հպարտ ենք տեղափոխել Armsat-1 անունով հայտնի մեր «Ուրդանետա» արբանյակը, որն առաջին հայկական ռազմավարական արբանյակն է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հաջող մեկնարկից հետո առաջին հայկական արբանյակը լավ վիճակում է ու պատրաստ է առաջիկա 4 տարվա ընթացքում կատարել  իր աշխատանքը, իսկ դրա առաջին արդյունքները կներկայացվեն սեպտեմբերի 5-11-ը Երևանում կայանալիք STARMUS 6-րդ փառատոնի ընթացքում։ 

Այսպիսով, SATLANTIS ընկերությունը հերքում է այն պնդումները, թե արբանյակը Հայաստանինը չէ, չի կառավարվում ՀՀ-ի կողմից կամ երկիրը դրան հասանելիություն չունի։ 

Նանե Մանասյան