Հունաստանի վարչապետ Միցոտակիսը կրկին մեղադրել է Թուրքիային

  Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կրկին մեղադրել է Թուրքիային՝ պնդելով, որ հենց Թուրքիան է խախտել երկու երկրների միջև պայմանավորվածությունը։

Հունաստանի վարչապետը երկու երկրների միջև վերջին լարվածության մեջ մեղադրել է Թուրքիային։ Նա առողջապահական թեմայով մի հանդիպման ժամանակ պատասխանել է նաև թուրք-հունական հարաբերություններին վերաբերող հարցերին։ Անդրադառնալով մարտի 13-ին Ստամբուլում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպմանը՝ Միցոտակիսը մասնավորապես ասել է.

«Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումից մեկ ամիս անց տհաճ զարգացումներ եղան։ Հունական կղզիների վրայով իրականացվեցին աննախադեպ քանակի թռիչքներ և դարձյալ վեր հանվեց այն անհասկանալի թեզը, որը կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովի կղզիներում»:

Միցոտակիսը շեշտել է նաև, որ  ԱՄՆ-ն և Եվրամիությունը աջակցում են Հունաստանին, և բոլորը պետք է գործեն զուսպ՝ չբացառելով նաև Թուրքիայի նախագահի հետ իր հետագա շփումները:

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսն էլ ասել էր, որ իրենք մոտենում են այն վտանգավոր սահմանին, երբ համբերությունը կարող է սպառվել:

Բրատիսլավայում տեղի ունեցած «GLOBSEC 2022» ֆորումում ելույթ ունենալով՝ Հունաստանի պաշտպանության նախարարը նշել էր. «Մենք ունենք դաշնակից, որը մեզ սպառնում է պատերազմով։ Եթե մենք որոշենք ընդլայնել մեր տարածքային ջրերն Էգեյան ծովում, ինչը միջազգայնորեն ճանաչված իրավունք է։ Այսպիսով, դաշնակիցներից մեկը մյուսին սպառնում է պատերազմով: Մենք նման դաշնակիցներ չենք ուզում»:

 

Ermenihaber.am