«ՍԱՍ»-ի Արտակի մասին «Հետքի» հրապարակումից հետո քրեական գործ է հարուցվել

  Ապրիլին «Հետքը» հետաքննություն էր հրապարակել «Պանդորայի փաստաթղթերում» հայտնված գործարար, նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) եւ նրա որոշ բիզնեսների մասին։ Հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել։

hetq.am-ը գրել էր, որ Սարգսյանն ու նրա եղբայրը՝ Արամ Սարգսյանը, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի գործունեությանն աջակցելու համար ընկերություններ են հիմնել արտերկրում՝ Կիպրոսում եւ օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ): Կիպրական «SDA Trade Chain Group Limited»-ի սեփականատեր էր գրանցվել վիրջինյան «SADA Holding and Investment Inc.»-ը, որի հիմնադիրներն էլ 50-50 համամասնությամբ Սարգսյան եղբայրներն էին։ Սակայն Արտակ Սարգսյանն իր հայտարարագրերում չի ներկայացրել օֆշորային ընկերությունում ունեցած բաժնեմասը։

Նա չի հայտարարագրել նաեւ ամերիկյան «SAS USA LLC»-ում ունեցած 50 տոկոսը (մնացած 50 տոկոսը պատկանում է եղբորը)։ Ընդ որում՝ 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում նշել էր, որ 50 տոկոս բաժնեմաս ունի ամերիկյան այս ընկերությունում, բայց հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին (ներկայում՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) ներկայացրած փաստաթղթերում «SAS USA»-ի անունը բացակայում է։

Ինչպես տեղեկացել ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, մեր հրապարակումից հետո հարուցվել է քրեական գործ։ Դատախազությունից փոխանցել են, որ «Հետքի» նյութը մայիսի 2-ին գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում 2022 թ. մայիսի 15-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում որոշում է կայացվել Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն:

ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է 2-4 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը 3 տարով զրկելով կամ առանց դրա:

 

Civic.am