Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծի, որը վերաբերում է առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցներ շահագործելուն:
Ներկայում յուրաքանչյուր 10 օրը մեկ ճանապարհային ոստիկանությունը պետք է վարչական իրավախախտման որոշում կայացնի և ուղարկի առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցները շահագործողներին: Բայց տուգանքը չի գերազանցում տարվա ընթացքում 100 հազար դրամը:
«Խնդիրն այն է, որ տասնյակ հազարավոր տրանսպորտային միջոցներ այսօր Հայաստանում հաշվառված հայկական համարներով գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս: Այս կարգավորման ժամանակ հազարավոր իրավախախտումներ արձանագրվում են, բայց հասցեատերերը Հայաստանում չեն լինում, այդ տրանսպորտային միջոցները Հայաստանում չեն շահագործվում, այլ երկրների տարածքներում են անցնում իրենց ապահովագրական գործընթացները: Բավականին խճճված իրավիճակ է առաջանում:
Առաջին մասով առաջարկել ենք, որ տարվա մեջ չգերազանցի 5 հազարական դրամներով 50 հազար դրամը: Այսինքն՝ ճանապարհային ոստիկանությունը 10 անգամ իրավունք ունենա տարվա մեջ որոշումներ կայացնել»,- ասաց օրենքի նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Գործող օրենքով նաև 100 հազար դրամ տուգանք է նախատեսվում այն վարորդների նկատմամբ, ովքեր տրանսպորտային միջոցը վարել են առանց ԱՊՊԱ պայմանագրի:
«Կարծում ենք, որ նախատեսված 100 հազար դրամ տուգանքը համաչափ չէ իրավախախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:
Մենք սկզբունք ունեինք, որ տուգանքն առավելագույնը լինի 30 հազար դրամ, որովհետև դրանից բարձր տուգանքներն արդեն քրեական պատժին են հավասարեցվում:
Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել, ոչ ԱՊՊԱ պայմանագիր չունենալով՝ տրանսպորտային միջոցը վարելը հիմնականում սոցիալական իրավիճակով պայմանավորված խախտում է»,- ասաց պատգամավորը:
Հետևաբար առաջարկվում է՝ եթե առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտայի միջոցը շահագործած վարորդը խախտման արձանագրումից հետո 48 ժամվա ընթացքում վերացնի խախտման հատկանիշները, այսինքն՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքի, նա կազատվի իրավախախտման համար նշանակված տուգանքի 75 տոկոսը վճարելու պարտականությունից:
«Այսինքն՝ վճարում է 25 հազար, ոչ թե 100 հազար, եթե ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր 48 ժամվա ընթացքում»,- ասաց Խաչատրյանը:
Կառավարությունն էլ առաջարկել է, որ վերոնշյալ 48 ժամը փոխարինվի 24 ժամով՝ այն հիմնավորմամբ, որ ԱՊՊԱ պայմանագիր կնքելը դժվարին գործընթաց չէ: