Պաշտոնական այցով Կատարում գտնվող հայկական պատվիրակության բարձրաստիճան հանդիպումների շրջանակում երկկողմ ձևաչափով զրուցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Կատարի Պետության առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին:
Հանդիպման ընթացքում կողմերը հատկանշել են, որ միջգերատեսչական համագործակցության շնորհիվ կզարգանա համագործակցությունն առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման ուղղությամբ: Բացի այդ, հանդիպումը կնպաստի առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև ուղղակի կապեր ստեղծելու, առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական սպասարկման բարելավման համար: Բժշկական տուրիզմի զարգացման կարևորությունն առանձնացնում են նաև Կատարում:
Հանրային առողջության պահպանման և բարելավման, բժշկագիտական հետազոտությունների, դեղագիտության և գերատեսչությունների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս եղել են երկկողմ հանդիպման առանցքում: