Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար:
Ռուստամ Բադասյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Տնտեսվարողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Հայաստանի հարավային սահմանային անցակետի արդիականացումը ևս կարևոր նշանակություն ունի: Առաջիկայում ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: Անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը»,- գրել է Բադասյանը: