Չավուշօղլու․ «Աշխատում ենք Հարավային Կովկասը խաղաղության ռեգիոն դարձնել»

  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է Բինգյոլի համալսարանում անցկացվող «Թուրքիայի նախաձեռնողական և մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսին: Միջոցառման ընթացքում նա ելույթ է ունեցել՝ ներկայացնելով Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգիծը, օրակարգային թեմաները:

Թուրքիայի աշխարհագրական կենտրոնական դիրքը, ըստ Չավուշօղլուի, Թուրքիան դարձնում է տարբեր տարածաշրջանների մաս՝ Կովկասից մինչև Բալկաններ, Սև ծովից մինչև Մերձավոր  Արևելք և Աֆրիկա:

«Նման պայմաններում մենք պետք է շատ ուժեղ լինենք»,- նշել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Թուրքիային հարող տարածաշրջանում են խտացել աշխարհում գոյություն ունեցող հակամարտությունների և ճգնաժամերի 60 տոկոսը, որոնք ուղիղ կերպով Թուրքիայի հետաքրքրության տիրույթում են:

Ըստ Չավուշօղլուի՝ այս պայմաններում Թուրքիան ավելացրել է տարածաշրջանում իր ազդեցությունը և վերածվել համաշխարհային դերակատարի:

Նշելով, որ Թուրքիան ակտիվ և գերհագեցած արտաքին քաղաքականություն է վարում՝ Չավուշօղլուն հայտնել է, որ գործընկերների հետ բազմաթիվ հարցեր են քննարկում, որոնց թվում են Ուկրաինայում պատերազմի ազդեցությունը, սննդի ճգնաժամը, որպես պատերազմի կողմնակի ազդեցություն, լարվածությունը Բալկաններում, իրավիճակը և զարգացումները Սիրիայում, ինչպես նաև Կովկասի թեման: 

Վերջինի վերաբերյալ Չավուշօղլուն նշել է. «Ինտենսիվորեն աշխատում ենք այն(Հարավային Կովկասը) խաղաղության և կայունության տարածաշրջան դարձնելու ուղղությամբ»:

Աղբյուր`    Ermenihaber.am