Այն, ինչն արել ենք այս ժամանակաընթացքում, սրա հիման վրա պետք է կառուցենք պայքարի հաջորդ փուլը: Այս մասին, այսօր Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում հասնել իշխանափոխության:
«Մենք ունեինք հանրահավաքների օրերին տասնյակ հազարավոր քաղաքացիներ, բայց չկարողացանք հասնել կազմակերպվածության այն բարձր մակարդակին, որ մեր հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներից ձեւավորենք կազմակերպված, կանոնավոր քաղաքացիական բանակ, որ կարող էր անհնազանդության ակցիաները հասնել այն ծավալին, որ իշխանությունը չդիմանար: Մենք պետք է ձգտենք հասնել դրան, որ ոստիկանական ուժերը չկարողանան դիմադրել հանրությանը եւ զեկուցեն, որ իրավիճակն այլեւս անկառավարելի է: Դրա բոլոր հիմքերը կան: Պետք է գնանք այդ ճանապարհով»,-ասաց նա: