Երեվան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի համաձայն, լրագրող Անի Գևորգյանը պարտավորվել է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին։
Վճիռը ստորև՝
1. Ըստ հայցի Ալեն Ռոբերտի Սիմոնյանի ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության՝ «Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի հատուցման» պահանջների մասին, բավարարել մասնակի։
2. Պարտավորեցնել Պատասխանող՝ Անի Սեյրանի Գևորգյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձևով՝ տեղադրել հայտարարություն www.news.am կայքում, իսկ անհնարինության դեպքում Պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում «Հերքում» վերնագրով և հետևյալ բովանդակությամբ՝ «16.04.2021թ.-ին Յութուբ կայքի՝ «hayeli am» վերնագրով ալիքում, news.am և hayeli.am կայքերում տեղադրված տեսանյութում Անի Սեյրանի Գևորգյանիս կողմից կատարված արտահայտությունը՝ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, որով նրան մեղադրել եմ իմ նկատմամբ հանցագործություն և իմ մանկահասակ երեխայի թիրախավորում պատվիրելու մեջ, չի համապատասխանում իրականությանը»
3. Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 150 000 ՀՀ դրամ` որպես զրպարտության համար վնասի հատուցում:
4. Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 100 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
5. Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 7.000 ՀՀ դրամ՝ որպես հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումար:
6. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։ Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀԿ ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Նշենք,որ 2022 թվականի մայիսի 23-ին, դռնբաց դատական նիստում դատարանը քննեց քաղաքացիական գործն ըստ հայցի Ալեն Ռոբերտի Սիմոնյանի ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության՝ «Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի հատուցման» պահանջների մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի ներկայացուցիչ` Դ. Հունանյանը 13.05.2021 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /այսուհետ` դատարան/ վերոհիշյալ պահանջով, որը դատարանի 27.05.2021 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատարանը 27.05.2021 թվականին կայացրել է ապացույցների ապահովման վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշում: 07.07.2021 թվականին պատասխանող Անի Սեյրանի Գևորգյանի ներկայացուցիչ` Է. Ամիրխանյանը դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան:
08.07.2021 թվականին դատարանը կայացրել է ապացույցների ապահովման վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշում:
09.07.2021 թվականին դատարանը կայացրել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
05.10.2021 թվականին դատարան է ներկայացվել հայցի առարկան փոփոխել թույլատրելու մասին միջնորդություն:
05.10.2021 թվականին դատարանը կայացրել է հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ որոշում:
05.10.2021 թվականին դատարանը կայացրել է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին գործին ներգրավելու մասին որոշում:
15.12.2021 թվականին դատարանը կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
01.03.2022 թվականին դատարանը կայացրել է նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
26.04.2022 թվականին դատարանը սույն քաղաքացիական գործը քննել է հայցվորի ներկայացուցիչ` Դ. Հունանյանի և պատասխանողի ներկայացուցիչ` Է. Ամիրխանյանի մասնակցությամբ:
2. Հայցվորի իրավական դիրքորոշումը.
Հայցվորի ներկայացուցիչը դիմելով դատարան հայտնել է, որ Պատասխանողը www.hayeli.am (այսուհետ՝ Հայելի Էյ Էմ կայք) և www.news.am (այսուհետ՝ Նյուզ Էյ Էմ կայք) կայքերում 16.04.2021թ.-ին տեղադրված նույն տեսանյութի (այսուհետ՝ Տեսանյութ) մեջ, լինելով հյուրընկալված «Հայելի» ակումբում և պատասխանելով հարցերի, տարածել է իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ Հայցվորի վերաբերյալ, որոնք արատավորում են Հայցվորի պատիվն ու արժանապատվությունը:
Պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունների վերաբերյալ հայտնել է հետևյալը
Պատասխանողը 16.04.2021թ.-ին Հայելի Էյ Էմ և Նյուզ Էյ Էմ կայքերում տեղադրված Տեսանյութի մեջ, պատասխանելով հարցերի, կատարել է արտահայտություններ Հայցվորի վերաբերյալ, դրանք են՝
«… Անի Սեյրանի Գևորգյանի պատասխան.
— Եթե իրենք պաշտոնյա են, պետք է պատրաստ լինեն՝ պատասխանել ցանկացած հարցի, և նաև հարգանք պետք է լինի լրագրողների նկատմամբ, որովհետև երբ դու կանգնում ես, խոսում ես այն բանի մասին, որից քեզ, ընդհանրապես, ոչ մի լրագրող այդ պահին չի հարցրել, լրագրողը դա կարող է մեկ հանդուրժել, երկու հանդուրժել, բայց պարբերաբար նման վարքագիծը հանդուրժել լրագրողները չեն կարող և չեն էլ պատրաստվում: Ըըը, ուզում եմ ասել, որ այս ճղճիմ պահվածքին, այս ճղճիմ գործողություններին շատ անդրադառնալ էլ պետք չէ:
Հարց.
— Ի՞նչ եք ակնկալում. դիմել եք մարդու իրավունքների պաշտպանին, դիմել եք Ոստիկանություն: Դուք ի՞նչ եք ակնկալում՝ պիտի ներողությու՞ն խնդրեն, թե՞ պիտի բացահայտվի, թե այս ամբողջ…
Սա, առհասարակ, կարելի է ասել՝ բանդա է գործում: Շատ կոնկրետ արշավ են Ձեր անձի նկատմամբ: Ի դեպ, ասեմ՝ սա իրենց ոճն է, ինչպես իրենց ղեկավարի. թիրախավորում են մեկին և սկսվում են, էսպես, ողջ խմբով, բանդայով հարձակվել: Դա պիտի բացահայտել և պատասխանատվությա՞ն ենթարկել, թե ՞ոչ, և ակնկալում ե՞ք, թե՞ ոչ, որովհետև վերջին երեք տարիներին այն, ինչ տեղի է ունեցել ծածկադմփոցիով, իրենց քննչական մարմիններով փակվել է: Դուք ի՞նչ եք ակնկալում: Ես ասեմ, որ Ձեր հետևում, այո´, մի շարք լրատվական միջոցներ, գործընկերություններ կանգնած են, և նաև Ձեր Քառյակ մեդիան, բայց ինչևէ, կհաջողի՞, թե՞ չի հաջողի: Դու ի՞նչ եք ակնկալում:
Անի Սեյրանի Գևորգյանի պատասխան.
— Տեսեք, եթե իշխանությունները այս ամենի հետ կապ չունեն… Ակնհայտ է, որ իմ նկատմամբ տեղի է ունենում հանցագործություն, ըստ էության: Իմ մանկահասակ երեխան է թիրախավորվել անգամ: Եթե իրենք կապ չունեն, իսկ ես վստահ եմ, որ կապ ունեն: Ավելին, ես վստահ եմ, որ սա անմիջապես Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է, որովհետև սա հաջորդել է, հենց, Ալեն Սիմոնյանի վարքագծին Խորհրդարանում: Ես դրանում, էսպես, վստահ եմ: …»: