Կոչումները չեղարկելու հետ կապված բոլոր հիմնավորումները տրվել են եւ կտրվեն, եւ ես շատ ակտիվ ելույթներ եմ ունենալու այս կապակցությամբ: Պարզապես մի բան պիտի նկատի ունենանք. այս նախագիծը չի վերաբերում այն մարդկանց, որոնք արդեն կոչում ունեն, ունեցողները թող բարով վայելեն:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը՝ անդրադառնալով նախարարության ներկայացրած՝ «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
«Կարծում եմ՝ մեր ստեղծագործական հանրության ողջամիտ հատվածը համակրում է այս նախագիծը: Այսօր լսեցի պարոն Արմեն Էլբակյանի կարծիքը, որը ՀՀ ժողովրդական արտիստ է: Նա ասաց, որ այս կոչումները ստեղծվել են հանրությանը կախվածության մեջ պահելու համար: Իմ խորին համոզմամբ՝ այս փոփոխությամբ մեծանում է արվեստագետի ազատությունը, անկախությունը որեւէ քաղաքական իշխանությունից: Հիմա իմ կողքին նստած է Հարություն Խաչատրյանը, որը ժողովրդական արտիստ է: Անկեղծ ասած՝ երբեք չեմ հիշում, որ նա այդ կոչումն ունի, ու այնպես չէ, որ իր արժեքն այդ կոչման մեջ է եղել»,- շեշտեց նա՝ հավելելով՝ եկեք գնանք շոշափելի, կոնկրետ արդյունքների հետեւից, ոչ թե կեղծ արդյունքների ու տիտողոսների:
Խզմալյանի խոսքով՝ այդ տիտղոսներն ամեն տարի զառանցանքի են վերածվում: Փոխնախարարի փոխանցմամբ՝ ամեն Սեպտեմբերի 21-ին կամ Մայիսի 28-ին իր աշխատասենյակում կոչումների քաոսային քննարկումներ են լինում. «Այս կոչումների շուրջ անցյալում խայտառակ փոխգործակցություններ են եղել: Չեք պատկերացնի, թե ով ինչի է զիջել եւ ինչ է ստացել դրա դիմաց»: