«Մենք բարձր ենք գնահատում ԵԽ-ի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և վստահ ենք, որ կշարունակենք արդյունավետ փոխգործակցությունը»,- այսօր՝ հունիսի 17-ին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱԳ նախարարն իր երախտագիտությունը հայտնեց նաև ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների կողմից ցուցաբերված նպաստին Հայաստանում ազատ և մրցակցային ընտրությունների անցկացման գործում և այն փաստին, որ 2018թ. և 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում ԵԽ-ի կողմից ճանաչվել են ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխանող։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ կշարունակեն փոխգործակցությունը՝ ձևավորելով 2023-2026թթ. գործողության նոր ծրագիր։
«ԵԽ գլխավոր քարտուղարի հետ անդրադարձել ենք նաև ԼՂ հակամարտության գործընթացին, 2020թ. Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորմանը վերաբերող հարցերին։ Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020թ. ԼՂ հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ-ին անդամակցությամբ իր իսկ ստանձնած պարտավորությունները, և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի ԵԽ-ի և անդամ երկրների կողմից»,- ասաց Արարատ Միրզոյանն ու հավելեց. «Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ Այս համատեքստում հիմնարար է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքը, ինչ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել իրենց համընդհանուր հիմնարար իրավունքներից»։
ԱԳ նախարարն ընդգծեց, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմից մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախ մարդասիրական օգնության հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումն անընդունելի է. «Նույն կերպ անընդունելի է հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական և հոգեբանական ահաբեկումը։ Կարծում ենք՝ այս հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերող հարցերում ԵԽ-ն, կազմակերպության համապատասխան մարմինները և ղեկավարները պետք է առավել հաստատակամ գտնվեն և հնարավոր բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը, մարդու իրավունքների հանձնակատարի նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները»։