Հայաստանում գործող մանկական ուռուցքաբանության և արյունաբանության 3 բաժինները 2019 թվականին միավորվեցին Ռ․ Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի կամարների ներքո և ստեղծվեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որի ուռուցքաբանության բլոկը սկսեց ղեկավարել բժիշկ, ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանը:
«Դա շատ մեծ պարտավորություն էր ինձ համար, քանի որ այս կենտրոնում պետք է բուժվեին Հայաստանում եւ Արցախում ախտորոշված բոլոր երեխաները, ինչպես նաև երեխաներ այլ երկրներից։ Իհարկե, ես փնտրում էի հնարավորություն կրթություն ստանալու որպես ադմինիստրատիվ աշխատող, քանի որ ինքս մոտ 20 տարի աշխատում էի որպես պրակտիկ բժիշկ։ Եվ գտա Հարվարդի համալսարանում կազմակերպվող մեկամյա կրթության հնարավորություն` «Բժշկության առաջնորդություն» ծրագիրը, որին և դիմեցի՝ որևէ հույս չունենալով, որ կանցնեմ։ Սակայն, ի զարմանս ինձ, հաղթահարեցի մրցութային բոլոր փուլերը և հնարավորություն ստացա դառնալ Հարվարդի համալսարանի ուսանող»,- նշում է Լիլիթ Սարգսյանը` աշխարհի լավագույն համալսարաններից մեկում սովորելը համարերով գիտելիք ստանալու բացառիկ հնարավորություն:
Փորձառու մասնագետը ձեռք բերեց ծանոթություններ տարբեր երկրների բժիշկների հետ, կարողացավ համեմատություն կատարել մեր և աշխարհի միջև, վերցնել իրենց լավագույն փորձը, որպեսզի հետագայում կարողանա այդ փորձը ներդնել Հայաստանում։
«Ինձ համար նաև մեծ պատիվ է լինել ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս, որը հետբուհական կրթություն է տալիս։ Այն առաջինը և միակն է Հայաստանում, որ պատրաստում է մանկական ուռուքաբան-արյունաբանների, և մեզ են դիմում մեր համալսարանի լավագույն ուսանողները, որոնց հաջողություններին, կարծում եմ, ծանոթ եք։ Մեծ բավականությամբ եմ հետևում, թե ինչպես են ուսանողները աչքի առաջ դառնում պրոֆեսիանալ մասնագետներ»,-ասում է բժիշկ-դասախոսը:
Բաժանմունքում և ամբիոնում իր գնահատմամբ` շատ հետաքրքիր մոդել է գործում։ Այն է՝ թիմային աշխատանքի ոսկե կանոնը՝ առողջ բանավեճ, քննարկում և փորձառու բժիշկների կլինիկական մեծ փորձի ու երիտասարդ օրդինատորների անընդհատ թարմացվող գիտելիքների տանդեմ։
Բժիշկ Սարգսյանը շատ է կարևորում երիտասարդների կարծիքը, քանի որ նրանք դեռ չունեն ձևավորված կարծրատիպեր:
Արտերկրում ուսումնառությունը բժշկական համալսարանի դասախոսը սկսել է 2000 թվականից` Կոնստանցի համալսարանի մոլեկուլյար գենետիկայի ֆակուլտետից, այնուհետև 2008թ. վերապատրաստում է անցել Բեռլինի «Շարիտե» համալսարանական հիվանդանոցում, 2014թ.` Դյուսելդորֆի, իսկ 2016թ.` Համբուրգի «Էպպենդորֆ» համալսարանական հիվանդանոցներում:
Բժշկի մասնագիտությունը, նամանավանդ մանկական բժշկի և, հատկապես, մանկական օնկոհեմատոլոգի աշխատանքը համարում է ամենաառաքինի և մեծ նվիրում պահանջողներից. «Դա գիշերուզօր աշխատանք է, անքուն գիշերներ են, անընդհատ թարմացվող գիտելիքներ, նաև մեծ կամքի ուժ ու պատասխանատվություն։ Մենք հանդիպում ենք մարդկանց իրենց կյանքի դժվարին փուլում և պետք է կարողանանք օգնել ոչ միայն դեղերով, այլ նաև կարեկից լինելու մեր կարողությամբ»:
Նա շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք իրեն մոտիվացնում են այս դժվարին աշխատանքում և այն բոլորին, որոնք իրեն աջակցել են Հարվարդում ուսանելու ընթացքում։
ysmu.am