Արցախի ԱԱԾ կողմից ծավալած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՊԲ-ի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև ժամանակին կանխվել են ծուղակում հայտնված Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը:
Դեպքի առթիվ Արցախի ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերի և հարուցված քրեական գործերով վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի քաղաքացիներ, հանդիսանալով N զորամասի զինծառայողներ, սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ, ինչից հետո որոշակի ժամանակահատված նրա հետ շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական և ծառայողական գաղտնիք կազմող՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակների և քանակի, զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ, որի դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացածը իրենց խոստացված գումարներն այդպես էլ չեն ստացել:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Արցախի քաղաքացիներ Ա. Ա.-ին, Մ. Հ.-ին և Ա. Բ -ին:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: