Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող արհեստական լճակն ավտոմեքենա է ընկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հայկ Մելիքսեթյանն ու Գուրգեն Զիլավյանը։ Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել ռուսական համարանիշներով Mazda 6 մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Իջևան» բժշկական կենտրոն։