022թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերված խախտումներին տրվել է իրավական ընթացք. հարուցվել են թվով 6 քրեական գործեր. Ռոմանոս Պետրոսյան

  Պետական վերահսկողական ծառայության Սոցիալական ոլորտի վերահսկողության եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում հայտնաբերված խախտումներին տրվել է իրավական ընթացք. հարուցվել են թվով 6 քրեական գործեր.
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված տեղեկանքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։
Այսպես.
ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունում իրականացրած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների պահպանման, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման առանձին դեպքերով խախտումներ, որի արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների հարուցվել է քրեական գործ։
«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Սվետլանա Հայրապետյան» ԱՁ-ի և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Գյումրու ԴՕՍԱԱՖ» ՍՊ ընկերության վերաբերյալ իրականացված մշտադիտարկումների արդյունքներով՝ «D» և «E» կարգերի վարորդական վկայականներ ստանալու համար անհրաժեշտ վարորդական դասընթացների ավարտական քննությունները կազմակերպելու գործընթացում հայտնաբերվել են էական խախտումներ։ Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից ՀՀ մարզպետարաններից մեկում իրականացված ուսումնասիրության արդյունքում՝ քաղաքաշինական ոլորտի աշխատանքների հետ կապված հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից Երեւան քաղաքի Աբովյան փ. 40/7 հասցեում գտնվող 54.0քմ մակերեսով և Հալաբյան փ. 20/1 հասցեում գտնվող 462քմ մակերեսով հողամասերի օտարման դեպքերի առթիվ իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ նշված հողամասերն աճուրդով վաճառելու փոխարեն վաճառվել են ուղղակի վաճառքով։ Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ծառայությունը շարունակելու է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, իսկ դրանց արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներին օրենքով սահմանված կարգով տրվելու է իրավական ընթացք։