Մոսկվայից ու Բաքվից հնչող հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ բավականին շփոթեցնող են, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ըստ նրա՝ թվում է, թե նրանք այլեւս չեն ցանկանում պահպանել այս ձևաչափը, սակայն առաջ չեն քաշում որևէ այլընտրանք՝ այսպիսով գործընթացը հանձնելով միմիայն ՌԴ-ին: Ի տարբերություն Մոսկվայի, Փարիզն ու Վաշինգտոնը շարունակում են հավատարիմ մնալ Մինսկի խմբի ձևաչափին, ասում է նախկին համանախագահը:
«Միացյալ Նահանգները հստակ ուղենշել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին։ Նրանք գնացին շատ ավելի հեռու՝ նշանակելով Կովկասի և տարածաշրջանի հարցերով մասնագիտացած նոր համանախագահ»,- ասում է Ուորլիքը:
Ջեյմս Ուորլիքի կարծիքով, Մոսկվայի ու Բրյուսելի ձևաչափերը չեն մրցում միմյանց հետ, սակայն, ԵՄ-ն ավելի մեծ դեր կարող է խաղալ գործընթացում:
«ԵՄ-ի միջնորդության հետ կապված միակ խնդիրն այն է, որ ի տարբերություն ԵԱՀԿ-ի, Ռուսաստանը դրա մասը չէ: Օգտակար կլինի, եթե Ռուսաստանն իսկապես հավատարիմ լինի խաղաղ կարգավորմանը, որպեսզի համանախագահող խումբը շարունակի գործունեությունը ռուսական մասնակցությամբ»,- ասում է Ուորլիքը:
Ուորլիքի պնդմամբ հասկանալի է, որ ՌԴ-ը որպես ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմ, պետք է կապ պահպանի կողմերի հետ, սակայն խաղաղ կարգավորման գործընթացը բաղկացած է ոչ միայն խաղաղապահ առաքելության հետ կապված հարցերից, այլ բազմաթիվ այլ խնդիրներից ևս, ներառյալ կարգավիճակի հարցը, ուստի ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից է բխում, որ հայ-ադրբեջանական խաղաղ երկխոսությունը ընթանա Մոսկվայի միանձնյա միջնոդության ներքո: