Հանքավայրը գտնվում է Թբիլիսիի մոտակայքում, BMG հեռուստաալիքի «Սաքմիս կուրսի» հաղորդման եթերում հայտնել է Վրաստանի նավթի և գազի պետական գործակալության պետ Գիորգի Տատիշվիլին։ Հորատանցքն այնտեղ հետազոտում է ամերիկյան «Schlumberger» ընկերությունը, իսկ գազի արդյունահանման լիցենզիան պատկանում է «Block Energy» ընկերությանը:
«Block Energy»-ն մեր խոստումնալից նախագծերից է: «Schlumberger»-ի հորատած հորատանցքում այդ տարածքում հաստատվել են 16 մլրդ խ/մ պաշարներ։ Եթե պատկերացնենք, սա հավասար է ութ տարվա ընթացքում Վրաստանի սպառմանը»,- ասել է Տատիշվիլին։
Նրա խոսքով՝ «Block Energy»-ն «կվերադառնա այս նախագիծ արդեն հաստատված պլանով» 2022 թվականի վերջին/2023 թվականի սկզբին։ Այնտեղ նախատեսվում է հորիզոնական հորատումներ իրականացնել, ինչը թույլ կտա ավելի շատ կոմերցիոն գազ արդյունահանել։
«Block Energy»-ն Վրաստանում զբաղվում է նավթի և գազի որոնմամբ և արդյունահանմամբ։ 2020 թվականի նոյեմբերին այն «Schlumberger»-ից ձեռք է բերել այն ընկերությունը, որին պատկանում են ցամաքային երկու բլոկերի՝ IX և XI (B) լիցենզիաները:
Ֆինանսական հաշվետվության համաձայն՝ 2021 թվականին «Block Energy»-ն ունեցել է 6,1 մլն ԱՄՆ դոլարի չափով շահույթ, մինչդեռ ընկերության կորուստները կազմել են 4,8 մլն ԱՄՆ դոլար։
«Block Energy»-ի բաժնետոմսերը վաճառվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում: Ընկերության շուկայական կապիտալիզացիան հասնում է 9,4 մլն ֆունտ ստերլինգի։
Աղբյուրը՝ a1plus.am