Այս օրերին «Գելափ Ինթերնեշնլ» ասոցիացիան քաղաքացիների շրջանում հեռախոսային հարցումներ է իրականացնում՝ պարզելու, թե կա՞ արդյոք Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն։ Այս մասին Civic.am-ին հայտնել են հարցմանը մասնակցած քաղաքացիները։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի են ունենալու մյուս տարի՝ 2023 թվականի աշնանը։
Հարցման լուրը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև «Գելափ Ինթերնեշնլ» ասոցիացիայից, սակայն նշեցին, որ դեռևս արդյունքները չեն ամփոփել և մանրամասներ չեն կարող հայտնել։
Ուշագրավ է հարցման համատեքստը. սկզբում հարցում իրականացնողները քաղաքացիներից հետաքրքրվել են, թե քաղաքում ինչից են դժգոհ, ապա հարցրել, թե արդյոք չե՞ն տեսնում Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության կարիք։
Մեզ դիմած քաղաքացիները հայտնեցին, որ իրենց հարցրել են, թե ո՞ւմ կցանկանան տեսնել քաղաքապետի պաշտոնում, և նշված անվանացանկում առաջինը եղել է Ռոբերտ Քոչարյանի անունը, այնուհետև մի շարք ընդդիմադիրների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի, Լևոն Քոչարյանի, Իշխան Սաղաթելյանի անունները։ Հարցրել են նաև, թե չե՞ն ցանկանում որպես քաղաքապետ տեսնել Ռուբեն Վարդանյանին, և վերջինս քանի՞ տոկոս կհավաքի։ Ցուցակը գրեթե ամբողջությամբ կազմված է եղել ընդդիմադիր գործիչների անուններից՝ բացառությամբ ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի։ «Քանի որ մեծամասամբ ընդդիմադիրների անուններ էին իրենց թեկնածուների ցուցակում, ինձ համար ակնհայտ էր, թե որ կողմի պատվերով է իրականացվում հարցումը»,- մեզ հետ զրույցում ասաց հարցմանը մասնակցած քաղաքացին։
Քաղաքացիներից «Գելափը» նաև հետաքրքրվել է, թե ինչպիսի վերաբերմունք ունեն նշված ցուցակի անձանց նկատմամբ որպես քաղաքական գործիչ և որպես քաղաքապետի թեկնածու։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. Civic.am