Մևլութ Չավուշօղլուն թուրքական TRT պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է երկու երկրի ղեկավարների հեռախոսազրույցը՝ շեշտելով՝ Անկարան Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն է ցանկանում:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նկատմամբ լոգիստիկ սահմանափակումների պայմաններում տարածաշրջանային հաղորդակցությունների նշանակությունն ավելի է մեծացել, և այս առումով առավել մեծ կարևորություն ունեն, իր ձևակերպմամբ, «Զանգեզուրի նախագիծը, Միջին միջանցքը», որը Չինաստանը, Միջին Ասիայի երկրները կարող է կապել Եվրոպայի հետ:
Թուրքիայի ԱԳ նախարարը դժգոհել է նաև, թե մինչ այս պահը հայկական կողմից խաղաղությանն ուղղված միայն ուղերձներ ու հայտարարություններ են հնչել, և գործնական քայլեր դեռևս չկան:
Չավուշօղլուն հերթական անգամ ընդգծել է, որ թեև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը երկկողմ է, սակայն Անկարան գործընթացը համակարգում է Ադրբեջանի հետ: