Հուլիսի 20-ին Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են թուրք-իրաքյան սահմանին գտնվող Իրաքի Զախո քաղաքը, որի հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ, ևս 23-ը վիրավորվել են: Հրետակոծությունը տեղի է ունեցել Զահո քաղաքի հանգստավայրերից մեկի ուղղությամբ: Զոհերի և վիրավորների ճնշող մեծամասնությունը զբոսաշրջիկներ են:
Թուրքիան հերքել է Իրաքի կողմից հնչող այն մեղադրանքները, ըստ որի՝ հարձակումը իրականացրել են թուրքական զինված ուժերը, փորձելով հարձակման մեղքը բարդել քուրդ զինյալների վրա, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ:
Տեղի ունեցածին հայտարարությամբ արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որում մասնավորապես ասվում է.
«Մենք Իրաքի կառավարության պաշտոնյաներին կոչ ենք անում ահաբեկչական կազմակերպության հռետորաբանության և քարոզչության ազդեցության տակ հայտարարություններ չանել և համագործակցել այս ցավալի միջադեպի իրական մեղավորներին բացահայտելու համար»:
Միևնույն ժամանակ համացանցի թուրքական և արաբական տիրույթում տարածվել են հրետակոծության կադրերը, որոնք լայն արձագանք են գտել: