ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ կարևոր է AFET-ի գործունեությունը` ուղղված մեր տարածաշրջանի դիմակայունության ամրապնդմանը` հավելելով, որ 2020 թ. պատերազմից հետո ստեղծված հումանիտար իրավիճակի հարցում Եվրոպական խորհրդարանի ներգրավվածության և ըմբռնման աստիճանը մեծ է:
Այս համատեքստում ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Դեյվիդ Մքալիսթերին և Ժելյանա Զովկոյին անկողմնակալ դիրքորոշման և մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերի համար` հավելելով, որ գնահատելի են նաև Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության կոմիտեում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդի և Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի դիտարկումները:
Հանդիպմանը քննարկվել են համատեղ իրականացված և նախատեսվող օրակարգային ծրագրերին առնչվող մանրամասներ:
Անդրադարձ է եղել Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևերում և զեկույցներում ամրագրված աներկբա դիրքորոշմանը Հայաստանի համար կարևորագույն մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմին, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններին, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը:
Զրույցի ընթացքում շոշափվել են նաև խորհրդարանական ընդդիմությանն առնչվող հարցեր: