Իրանը չի պատրաստվում միացնել իր միջուկային օբյեկտներում տեղադրված տեսչական տեսախիկցները մինչև 2015թ․ կնքված պայմանագրի գործողության վերջնական վերականգնումը։ Կիսապաշտոնական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի ազգային գործակալության տնօրեն Մոհամադ Էսլամին։
Իրանի իշխանությունները երկրի միջուկային օբյեկտներում ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) տեղադրած տեսախցիկներն անջատել էին նախորդ ամիս՝ պնդելով, որ միջուկային գործարքի փաստացի արգելափակման պայմաններում դրանց գոյությունն իմաստազուրկ է։
«Այդ տեսախցիկներն ուղղակի առնչություն ունեին միջուկային համաձայնագրին։ Եթե Արևմուտքը վերադառնում է համաձայնագրի դրույթների կատարմանը, ապա մեր կողմից տեսախցիկների հարցով համապատասխան որոշում կկայացվի», — հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ միջուկային գործարքը միակողմանի խզելուց և նոր պատժամիջոցներ սահմանելուց հետո Թեհրանն ու 2015-ի համաձայնագիրը ստորագրած գերտերությունները փորձում են վերակենդանացնել պայմանավորվածությունները։
Աղբյուրը՝ azatutyun.am