Ցավոք, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը իր ամբողջ ուշադրությունը սևեռել է կոնկրետ մի կետի վրա, այն է՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները, և, ըստ էության, գործնականում կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ ԵԱՀԿ տարածաշրջանում այս պահին, կարելի է ասել, հետաքրքրիր չէ մեր գործընկերներին. սա մեզ համար անընդունելի գործելակերպ է, դատապարտելի է, և սրա մասին մենք բարձրաձայնել ենք: Այդ մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Իհարկե, սա հարցեր է բարձրացնում մեզ համար: Մենք դեռ պետք է վերլուծենք՝ ինչն է պատճառ հանդիսացել այս արդյունքի»,- նշեց Աղաջանյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հարցեր են ներկայացվել միջազգային գործընկերներին, ապա նա նշեց, որ դրանք հիմնավորապես վերաբերել են գերիների առկախված խնդրին, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս լուծված չէ՝ չնայած եռակողմ հայտարարության մեջ դրան վերաբերող կոնկրետ դրույթի առկայությանը և չնայած այն բանին, որ դրան բազմիցս անդրադարձել են միջազգային տարբեր կազմակերպություններ:
«Եվ, ըստ էության, այստեղ որևէ պատճառ, թե ինչու պետք է ԵԱՀԿ ԽՎ-ն հրաժարվեր այդ թեմային անդրադառնալ, մենք չգիտենք և չենք տեսնում, ինչի մասին ես անձամբ խոսել եմ»,- հավելեց Էդուարդ Աղաջանյանը:
Ըստ պատվիրակության ղեկավարի՝ անդրադարձ է եղել նաև մշակութային ժառանգության պահպանմանը, ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը և դրա կարևորությանը:
«Խնդիրը հետևյալն է, որ ադրբեջանական կողմը և պատվիրակությունը, ըստ էության, որդեգրել են երկկողմանի ուղիղ նույնաբովանդակ մեղադրանքների մարտավարություն, և այս երկկողմանի մեղադրանքների հորձանուտում մեր գործընկերների ընկալումները կարող են փոքր-ինչ խեղվել և իրականությունը նման պայմաններում դժվար է ի հայտ բերել: Եվ հենց այս համատեքստում է, որ մենք կարևոր ենք համարել հղում կատարել այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերին, այնուամենայնիվ, հաշվի առնելով այս ամենը, փոքր ձայների տարբերությամբ մեր առաջարկած փոփոխությունները չեն անցել»,- ասաց նա: