Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն: Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին վերաբերող հարցին:
«Ինչ վերաբերում է արտգործնախարարների հանդիպմանը և հնարավոր այլ հանդիպումներին՝ դուք տեղյակ եք, որ վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով: Այո՛, որքան տեղյակ եմ՝ նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրի ղեկավարների միջև»,- ասաց նա՝ հավելելով, որ կոնկրետ ժամկետներ չի կարող հայտնել: